Նախագիծն ընդունում ենք վարկի՞ համար (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին Էներգետիկ ռեսուրսների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը (նկարում) ներկայացրեց «Ընդերքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Ըստ նախագծի՝ օգտակար հանածոների համար մինչ օրս գործում էր միեւնույն ընթացակարգը, այժմ նախատեսվում է փոփոխել ընդերքօգտագործման պայմանները: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով, ասաց, որ կարդալով նախագծի բնապահպանական գնահատման եզրակացությունը, որի հեղինակը Բնապահպանության նախարարությունն է. այստեղ ասվում է, որ օրենքի ընդունումը շրջակա միջավայրի պահպանման առումով հատուկ պահպանվող տարածքների վրա կարող է առաջացնել բացասական հետեւանքներ. «Բնապահպանության ոլորտի լիազոր մարմինը բացասական եզրակացություն է տվել, ու ընդհանրապես որեւէ դրական հիմնավորում չկա: Ասվում է, որ Կայունության եւ զարգացման հիմնադրամի ֆինանսական վարկի երկրորդ եւ երրորդ պայմանագրի կատարման համար սա նախապայման հանդիսացող միջոցառման կիրառում է: Այսինքն, ստացվում է՝ մենք ընդունում ենք այս նախագիծը, քանի որ ինչ-որ վարկային համաձայնագրով մեզ պետք է փող տան: Սա ի՞նչ տրամաբանություն է»: Փոխնախարարը վստահեցրեց, որ այժմ ընդունման են ներկայացրել Բնապահպանության նախարարության առաջարկած տարբերակը. «Նախարարությունը դեմ էր նախնական տարբերակին, իսկ այս տարբերակի մասին ասել են՝ եթե սա անցնի, իրենք դեմ չեն լինի: Այո, սա վարկային համաձայնագրի նախապայման է»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախագծում ոչ մի տարբերակ նշված չէ. «Մենք ի՞նչ իմանանք՝ ո՞ր նախագիծն եք բերել. եթե ունենայինք առաջին տարբերակը, ապա եզրակացություն կանեինք, հիմա ի՞նչ իմանանք՝ որն եք բերել»: «Ընդունում եմ ձեր ասածը, ուղղակի ասում եմ այն, ինչ քննակումների ընթացքում տեղի է ունեցել»,- պատասխանեց փոխնախարար Գեւորգյանը: ՀՀԿ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, կոչ արեց՝ արտահերթ նիստի ռեժիմով բերվող Կառավարության նախագծերը պետք է գոնե մասնագիտացված հանձնաժողովներով անցնեն: