Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հանձնարարականը սխալ ուղղությամբ գնաց. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
baxshyan

Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից: Ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում վարչապետի հանձնարարականին: Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին: «Կարեն Կարապետյանը պետք է հայտարարեր, որ ոչ մի արտոնյալ մարդ պետք  է չլինի կրթության ոլորտում, շահերի բախումը պետք է բացառվի: Վարչապետը մտահոգություն ունի, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, քանի որ ցանկացած տնօրեն կարող է ասել՝ ինչու ձեզ կարելի է բարեկամների պաշտոնի նշանակել, ինձ՝ ոչ»,- ասում է տիկին Բախշյանը: Նրա վստահեցմամբ՝ այսօր շատ են դպրոցում հայտնված պատահական տնօրենները: Տիկին Բախշյանը որպես օրինակ բերում է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի դպրոցում տիրող իրավիճակը: «Այնտեղ կա Հասարակագիտության մի շատ պատրաստված ուսուցչուհի՝ Սիրամարգ Ղազարյան, ով չի կարողանում դառնալ դպրոցի տնօրեն, քանի որ մարզպետը չի ուզում»: Պատճառը, ըստ տիկին Բախշյանի, դպրոցում կատարված չարաշահումների մասին բարձրաձայնելն է, ինչն էլ չի ներվել ուսուցչուհուն. «Ինչո՞ւ ես տեսել չարաշահումը, ինչու ես բարձրաձայնել: Այսպես է վերաբերմունքն այդ կնոջ նկատմամբ»: Ի դեպ, Սիրամարգ Ղազարյանը չի նշանակվում այդ պաշտոնին, չնայած ՀՀԿ-ական լինելուն: Իշխող ուժի ներկայացուցիչ է նաև գյուղապետը, որը ևս խոչընդոտում է նրա նշանակմանը: Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ դպրոցներում շատ խնդիրներ լուծում կստանան, եթե դպրոցները գտնվեն Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո. «Մարզպետարաններում շատ քիչ են կրթությամբ մտահոգ անձինք: Մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանն զգում են տեր ու տիրական: Դպրոցի հավաքարարին էլ անգամ մարզպետարանն է նշանակում»: Շրջանառվում է նաև նախագիծ, ըստ որի, դպրոցները կարող են դրվել համայնքապետարանների ենթակայության ներքո: Այդպիսի փոփոխությունը կարող է կործանարար լինել. «Կփակեն դպրոցները: Տեսա՞ք մանկապարտեզների հետ ինչ եղավ»: Իրավիճակից դուրս գալու համար տիկին Բախշյանը Կրթության և գիտության նախարարությանն առաջարկում է լուրջ փոփոխություններ անել: Առաջին հերթին՝ դպրոցները վերադարձնել Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո: