Հիջաբի շուրջ նոր վեճ Բաքվի ու Թեհրանի միջև
Աջակցիր «Ա1+»-ինԲաքուն Թեհրանին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մայն բանից հետո, երբ Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆը հիջաբ կրելու պատճառով կրթության սահմանափակումների բախվող ադրբեջանցի աղջիկներին հրավիրել է սովորելու իրանական համալսարաններում, գրում է «Ազատությունը»։
Հոկտեմբերի 22-ին հրապարակված տեսաուղերձում իրանցի նախարարը հայտարարել էր, որ Իրանի համալսարանների դռները բաց են ադրբեջանցի այն աղջիկների համար, որոնք, նրա խոսքով, ստիպված են հրաժարվել հիջաբից՝ կրթություն ստանալու համար։
Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունն այսօր արձագանքել է հայտարարությանը՝ այն որակելով անընդունելի միջամտություն երկրի ներքին գործերին։
«Որևէ մեկին թույլ չի տրվում միջամտել մեր երկրի ներքին գործերին, այդ թվում՝ կրթական քաղաքականությանը», - հայտարարել է գերատեսչությունը՝ իրանցի պաշտոնյաներին հորդորելով զբաղվել սեփական երկրի խնդիրներով։
Բաքուն իր հերթին բարձրացրել է Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցը։ Ադրբեջանի նախարարությունը պնդել է, որ Իրանում տասնամյակներ շարունակ սահմանափակվում է ադրբեջաներենով կրթություն ստանալու իրավունքը։
Այսօր նաև ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ պահանջելով ապահովել Իրանի էթնիկ ադրբեջանցիների մայրենի լեզվով կրթության հնարավորությունը։
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները վերջին շրջանում տարաձայնությունների պատճառ են դարձել նաև Բաքվի և Անկարայի միջև։