Ցնցումները դառնում են անխուսափելի. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Ինչու տեղի ունեցավ Սասնա ծռերի ապստամբությունն ու ինչ պետք է լինի դրանից հետո: Ապագա քայլերի մասին քաղաքացիների հետ խորհրդակցելու, զրուցելու համար արդեն մեկ ամիս է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եղել է Սփյուռքում, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում. «Հանդիպումներն ընթացել են առանց խոչընդոտների: Բացի Նոր Հաճընից, որտեղ դահլիճ չտրամադրեց քաղաքապետարանը: Հանրությունն այսօր սպասում է հստակ քաղաքական գործունեության: Սեպտեմբերի 21-ին ես հրապարակեցի Անկախության վերականգնման հռչակագիր և այդ փաստաթղթից բխող քայլեր պետք է իրականացվեն»: Եկող տարի ապրիլին սպասվող ընտրությունների նկատմամբ նա թերահավատությամբ է լցված. «Եթե դա ընտրություն է կոչվում, պետք է քրեաօլիգարխիան ու վատ երևույթները վերընտրվեն: Նրանք չեն ցանկանում փոխել քաղաքական մոդելը»: Զարուհի Փոստանջյանին հաճախ են դիմում հարցով՝ ի՞նչ ակնկալիքներ ունի նոր վարչապետից. «Համակարգը չի փոխվում և անունները չեն կարող փոփոխություններ բերել»,- իր պատասխանն է: Փոստանջյանը մեջբերում է նաև հայտնի Տարոն Աճեմօղլուի խոսքը, որ տնտեսական հաջողությանը նախորդում է քաղաքական փոփոխությունը: «Քաղաքական մոդելի փոփոխությունն սկսվում է ազատ ընտրությունից: Բայց կան վարչական և տնտեսական լծակներ, և փորձելու են իրականացնել իրենց վերարտադրությունը: Ցնցումները դառնում են անխուսափելի»: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ բոլորի խնդիրն է ներդնել այնպիսի համակարգ, որը կարողանա դիմագրավել բոլոր մարտահրավերներին: Իսկ ի՞նչ գործնական քայլեր պետք է արվեն դրա համար. «Պետք է դիմենք ողջ հայության ներուժին: Պետք է մասնակիցը լինի ողջ հայ ժողովուրդը, մինչդեռ իշխանությունները սահմանափակել են՝ ասելով, որ ընտրությանը մասնակից կարող են լինել միայն այստեղ ապրողները»։ Նրա պատկերացմամբ՝ նոր համակարգը պետք է նախատեսի ընտրատեղամասեր աշխարհի բոլոր տարածքներում, որտեղ բոլոր հայերը կկարողանան ընտրություն կատարել: Խոսելով ընտրական համակարգի մասին, Փոստանջյանը հիշում է, որ վերացվել է նախագահի ինստիտուտը և Հայաստանում քաղաքական փոփոխություններ կարող են լինել միայն հինգ տարին մեկ: Միայն այդ օրվա վրա հույս դնել պետք չէ: «Չեմ բացառում, որ մինչև այդ օրը լինեն կոնկրետ գործողություններ: Պատրաստվում ենք նաև ապրիլյան ընտրությանը, քանի որ այդ օրը լինելու է հարձակում մեզ վրա»: Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանն այսօր խոցելի է, քանի որ կա Ռուսաստանի ու Թուրքիայի եղբայրական և մտերիմ հարաբերություն: «Մենք ունենք Սևրի պայմանագիր, որը լուծումն է այսօրվա խնդիրների: Մենք չորսօրյա պատերազմից հետո պետք է սկսեինք նոր էջից, բայց այսօր խոսվում է տարածքային զիջումների մասին»: Նրա վստահեցմամբ՝ Հայաստանը պետք է գույքագրի իր իրավունքները և քաղաքականություն բանեցնի: Սակայն կա մի խնդիր. «Իհարկե Մոսկվայից չեն թողնի, բայց երկու կայսրությունները՝ Թուրքիան ու Ռուսաստանը կործանվելու են, ամեն ինչ փոխվում է, նրանց հիմնական ռեսուրսները սպառված են, բայց մենք պետք է պատրաստվենք մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը: Պետք է հայտարարվի., որ մեզ համար հիմք ենք ընդունում 42000քառ. կմ-ը»,- հավելում է Փոստանջյանը: