Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2017թ. ճակատամարտը լինելու է մաֆիոզ ազդեցությունների տակ»

Քաղաքականություն
levon-zurabyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ԸՕ-ում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ընդմիջումից հետո հաշված թվով պատգամավորներ էին: Նրանց սկսեց մեկ առ մեկ թվարկել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով. «Իրենց աշխատասենյակներում քրտնաջան աշխատող պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ: Պարոն Զուրաբյան, մենք ձեզ սպասում ենք, վերադարձեք դահլիճ (խոսքը վերաբերում էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին-խմբ.)»: Լեւոն Զուրաբյանը եկավ դահլիճ եւ իր ելույթում նշեց, որ այս պահին փորձում են կյանքի կոչել մի համաձայնագիր, որը կայացել է իշխանության-ընդդիմության-ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ. «Սա, ինչ ուզում եք ասեք, նախադեպը չունի նորանկախ ՀՀ պատմության մեջ: Սա էական առաջընթաց է ազատ, արդար ընտրություններ ունենալու ճանապարհին»: Ըստ նրա՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնագրի դերը հասկանալու համար պետք է հասկանալ ՀՀ-ում ձեւավորված արատավոր երեւույթը. «ՀՀ-ում ժողովուրդը իրականում այսօր իշխանություն չի ձեւավորում, օտարված է սեփական պետության կողմից: Այսօր իշխանափոխություն ընտրությունների միջոցով անհնարին է: Սա է ամենամեծ խնդիրը, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը, հարեւան պետությունների կողմից շրջափակված լինելը: Եթե լուծվի ազատ, արդար ընտրությունների հարցը, հենց այդ պահից սկսած կդադարի արտագաղթը: ՀՀ-ում մինչ օրս հնարավոր չէր ընտրությունների միջոցով իշխանափոխությունը. իշխանությունն ուներ կես միլիոն ձայների կեղծման ոսկե պաշար: ՀՀ-ում կա 1,3 միլիոն ընտրող, սակայն իշխանությունը շարունակում է պահել երկու միլիոնանոց ցուցակը, որը ներառում է երկրից բացականերին, մահացածներին: Դա է պատճառը, որ մինչ օրս ստորագրված ընտրացուցակները որպես պետական գաղտնիք էին պահպանվում: Այս փոփոխությունների մեխը հենց սա է՝ դրանք կսքանավորվեն ու կհրապարակվեն ԿԸՀ կայքում»: Պարոն Զուրաբյանը խոսեց նաեւ, թե ինչպես են իշխանություններն իրականացնում ընտրակեղծարարություն. «2017թ. ԱԺ առաջիկա ընտրություններին շվարած ընտրակեղծարարների դուխը բարձրացնելու համար իշխանությունները հաստատեցին ԿԸՀ վարկաբեկված կազմը, եւ Գյումրիում, Վանաձորում անցկացրեցին ընտրակաշառքների բաժանման եւ ընտրակեղծարարության զինավարժություններ: Համաձայնագրի կիրառումը ՀՀ-ում դուռ է բացում իշխանափոխություն իրականացնելու ու լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար»: Ըստ նրա՝ 2017թ. սպասվող ընտրական ճակատամարտը լինելու է հետեւյալի շուրջ՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ընտրությունները վերածեն մաֆիոզ, կլանային, տեղական ազդեցությունների տակ գտնվող ու կենցաղային բնույթ ունեցող ընտրությունների. «Իսկ գաղափարախոսական ընդդիմության գործը պետք է լինի՝ վերածել իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի, ինչպես դա տեղի ունեցավ 2015թ. հանրաքվեի ժամանակ: Պայքարը կրելու է անհավասար բնույթ, սակայն իշխանությունը զրկված է լինելու իր վերջնական հաղթանակը ապահովելու ոսկե պաշարի իր երաշխիքից»: ԸՕ նոր փոփոխությունների նախագծից Լեւոն Զուրաբյանի միակ տարաձայնությունը կապված էր ուրիշի փոխարեն քվեարկության մասին սուտ հայտարարության դեպքում 2-3 տարվա ազատազրկման գաղափարի հետ. «Ընդմիջմանը Դավիթ Հարությունյանի հետ հանդիպում ունեցանք, որ կոմպրոմիսներ գտնենք, սակայն չեղավ: Մենք առաջարկներ կանենք, որ այս դրույթը որպես շանտաժ չընկալվի: Կարծում եմ՝ այդ խնդրի լուծումը կգտնենք: Մենք երեւի չենք քվեարկի այս նախագիծը՝ մինչեւ այս դրույթի հետ կապված խնդրի լուծումը»: