Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաստատ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չի լինի». կրքեր՝ ԸՕ-ի շուրջ (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ԸՕ-ում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն իր ելույթում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ոչ մի օրենսգիրք պետք չէ ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու համար՝ վկան 1990-ին անցկացված միակ լեգիտիմ ընտրությունները՝ պոստխորհրդային շրջանում. «Պետք չէ ԸՕ-ից սարքենք մի վերջին սրբագույն ատյան եւ հանրությանը ներկայացնել, թե ընդունելով բոլոր առաջարկներն ընդդիմության՝ մենք, ըստ էության, փակում ենք ընտրակեղծարարության բոլոր հնարավոր սողանցքները: Ոչ, այդպես չէ»: Այն, որ ստորագրված ընտրացուցակները հրապարակվելու են, որին դեմ է Վենետիկի հանձնաժողովը, տիկին Զոհրաբյանը սթափության կոչ արեց. «Հանգիստ եղեք, դրանից հաստատ Ջիանի Բուքիքիոն (Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ-խմբ.) ինքնասպան չի լինի: Ուզում ես տեսախցիկը պահի քվեախցիկի մեջ, ոչինչ չի փոխվելու, եթե իշխանությունն առաջնորդվելու է ամեն ինչ, կամ ոչինչ տարբերակով, ինչը մենք տեսանք Վանաձորում եւ Գյումրիում: Թող քար նետի այն կուսակցությունը, որը կկանգնի եւ ասի, որ հնարավոր չէ իր ներսում գտնել, որին հնարավոր չէ ահաբեկել, վախեցնել, կաշառել, նույն ՀՀԿ ներսում»: Նա նաեւ հայտարարեց, որ ԲՀԿ-ն երկու առաջարկ է ներկայացնելու՝ ապաքրեականացնել ուրիշի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարության մասին դրույթը, ինչպես նաեւ՝ բոնուսային համակարգի վերաբերյալ, որը ըստ նրա՝ բացարձակ անարդար է: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը ԸՕ-ից իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով. «Թող հողը թեթեւ լինի մեր այս օրենքի վրա»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում կոչ արեց մատի փաթաթան չդարձնել 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունը. «Հո կրակը չենք ընկել՝ ամեն ինչ հղում եք անում այդ ձեւաչափի վրա: Ի դեպ, եթե չփոխվի ուրիշի փոխարեն քվեարկելու մասին սուտ տեղեկությունների տալու մասին դրույթը, ապա ես այն կբողոքարկեմ ՍԴ-ում»: