Ընդդիմությունը հե՞տ է կանգնում համաձայնագրից (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ԸՕ-ում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն իր ելույթում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով Վանաձորում անցկացված ՏԻՄ ընտրություններին եւ ընդդիմադիր դաշինքում եղած տարաձայնություններին՝ ասաց. «Եթե շարունակեք այսպես մեկդ մյուսին մեղադրել, արդեն անցնելու եք անվանական մեղադրանքներին, եւ կարող է՝ մենք էլ անզոր լինենք ձեզ հաշտեցնելու համար: Հաշտ ու խաղաղ ապրեք իրար հետ»: Հարակից զեկուցող ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս, անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, ասաց. «Մի քանի րոպե քաղաքական հաճույքի համար պետք չէ նման հայտարարություններով հանդես գալ»: Ինչ վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարության դրույթին, ապա նա նշեց. «4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնագրի տակ ստորագրել է 5 քաղաքական ուժ: Առաջարկում եմ եւ հրավիրում եմ իմ աշխատասենյակ՝ քննարկելու այս դրույթը ու հասկանալ՝ ինչն է խնդիրը. այստեղ ակնհայտ թյուր ըմբռնում կա: Միգուցե խնդիրը շարադրանքի մեջ է, փորձենք հասկանալ: Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը, որ կրկնակի քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է, եւ տուգանքը դուրս է գալիս, սահմանվում է ազատազրկում»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով ընդդիմախոսների կողմից հաճախակի նշվող մաժորիտար համակարգի խնդիրներին, ասաց. «Ուզում եմ տեղեկացնել, որ մաժորիտար բառը հայհոյանք չէ, սա ասում եմ նրանց համար, որոնք այդ բառն օգտագործում են որպես բացասական երեւույթ: Այլ խնդիր է, որ մենք մեկ այլ մոդել ենք ընտրել, բայց ասել՝ մաժորիտար ու այդպիսով վախեցնել, պետք չէ. դա առնվազն խոսում է այն մասին, որ չեն տիրապետում հարցին»: Ինչ վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկելու մասին դրույթին, որի շուրջ տարաձայնություններն ու քննադատությունը շատ եղավ, պարոն Հարությունյանը հրապարակավ վստահեցրեց. «4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնագրից մենք չենք շեղվել: Այն ամբողջովին արտացոլել ենք ուղղակիորեն այն նախագծում, որ ներկայացրել ենք ԱԺ: Ես ուզում եմ դիմել այն ուժերին, որոնք ստորագրել են այս համաձայնագիրն ու հիմա քննադատում են՝ կամ դուք չեք կարդում ու ստորագրում եք, կամ այստեղ այլ քաղաքական խաղ եք վարում, որը, կարծում եմ, սազական չէ այս ԱԺ-ին»: Նա սկսեց ընթերցել այդ դրույթի վերաբերյալ համաձայնագրում նշված ձեւակերպումը. «Կարծում եմ՝ հանրությունն ավելի լավ է ինձ ընկալում, քան ոմանք այս դահլիճում, խնդրում եմ ինձ չընդհատել: Միգուցե իսկապես որոշել եք հետ կանգնել համաձայնագրից, նորմալ է: Կարող եմ դա հասկանալ, սակայն ուզում եմ նշել, որ ցանկացած համաձայնագրում գրված յուրաքանչյուր դրույթ բալանսավորված է մեկ այլով: Խոսքը վերաբերում է երեք դրույթի՝ սահմանել նույն քրեական պատասխանատվությունը սուտ հայտարարության, կեղծ դիմումի, կրկնաքվեարկության համար՝ սրանք պետք է հավասարեցնել եւ տուգանքները հանվեն: Դրան գումար պետք է հանվի նաեւ հավաստիության կանխավարկածը ու պահանջենք այլ օբյեկտիվ ապացույց: Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ընդդիմադիրներ»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: