Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

PS ռետրո. Լեոնիդ Հակոբյան. «Չաշխատող գլխին բարձր աշխատավարձը չի օգնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
5Ow_3FcOiTw

ՀՀ ԱԺ ՀԿԿ խմբակցության անդամ, կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը քաղաքականությունում նոր մարդ չէր: Եղել է Խորհրդային Հայաստանի առեւտրի փոխնախարար, պատասխանատու էր դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքների համար։ Այս մարդը Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր էր 1980 թվականից: 1998-ին նա անկախ Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր է։ 1998-ի այս օրերին անկախ Հայաստանի Ազգային ժողովում խոսում էին պատգամավորների աշխատավարձերի բարձրացման մասին: Լեոնիդ Հակոբյանն ասում է, որ չաշխատող գլխին  բարձր աշխատավարձը չի օգնի։ Լեոնիդ Հակոբյանն ընդդիմադիր էր Հայաստանի գործող իշխանություններին: Կոմունիստների իշխանության վերջին տարում Հայաստանի 2 միլիոն քաղաքացի բանկերում ուներ ավելի քան 8 միլիարդ ռուբլի ավանդ: 1998-ի նախագահի ընտրություններից հետո նրանք գրեթե ոչինչ չունեն։ Պարոն Հակոբյանն ասում էր, որ Արմեն Դարբինյանի կառավարությունը պետք է խորհրդային ավանդները ձեւակերպի որպես ներքին պարտք եւ կամաց կամաց վճարի: Իհարկե, կոմունիստ պատգամավորը վախ ունի, որ այս հարցը չի լուծվի: Տնտեսություն էլ չկա, որ փող լինի։ 1998-ի այս օրերին Լեոնիդ Հակոբյանը գրեթե սարսափով է նկատում, որ տնտեսություն չունեցող երկիրը միջազգային կառույցներից վերցրել է 45 վարկ, իսկ պարտքը մոտենում է մեկ միլիարդին։ Պարոն Հակոբյանը հիշեցնում է, որ դրանք տնտեսական վարկեր չեն, այլ քաղաքական, ինչն ավելի վատ է: Կգա ժամանակ, երբ վարկատուները մեզ կպարտադրեն քաղաքական որոշումներ։ Լեոնիդ Հակոբյանն ի դեպ, այս հարցազրույցից երկու տարի հետո դառնում է տարածքային կառավարման նախարար եւ մահանում դրանից երկու տարի հետո: