«Պապկաներ չեն լինելու». ինչ կփոխի վարչապետը մաքսատներում (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ ստվերի կրճատման եւ մենաշնորհների վերացման համար: Վարչապետը նշեց, որ ստեղծվել են խաղի հստակ կանոններ եւ նշված ծրագրերն էլ միտված են դրան: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով, ասաց. «Այնպիսի տպավորություն թող չլինի, թե մենաշնորհն ու ստվերը անորսալի Ջոնն են. մի քանի մենաշնորհ ունեցող այս դահլիճում են նստած: Այնպես որ այդ «անորսալի Ջոնի» պատմությունը չսարքենք՝ ասելով, թե նրանց դեմ պայքարի համար ոչ ստանդարտ գործիքակազմ եք կիրառելու: Ուզում եմ հասկանալ՝ որո՞նք են լինելու դրանք՝ անորսալի թվացող ստվերային տնտեսության, մենաշնորհների դեմ պայքարի համար, որոնց անուն առ անուն, կենսագրություններով գիտենք, դրանց, ստոպ, կանգնեցնելու համար: Պետք է հասկանանք, որ կոռուպցիան ուղղակի կոռոզիայի է ենթարկելու մեր տնտեսությունը»: Վարչապետ Կարապետյանը նշեց, որ հանձնարարականներ է տվել գերատեսչություններին՝ կրճատել իրենց համակարգերը, վերանայել այն գործառույթները, որոնք կիսատ-պռատ են անում. «Հստակ հանձնարարական կա՝ կրճատելու ՊՈԱԿ-ները, կենտրոնացնել գնումների կառույցները, կենտրոնացնելու ԾԻԳ-երը: Կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ չէ, իսկ ոչ ստանդարտ եղանակով գործիքակազմով տնտեսական զարգացման մասին էինք ասում, այլ ոչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին»: Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ մաքսատներում առկա իրավիճակի մասին. «Այնտեղ կան տարբեր պապկաներ, որոնցում քերթվում են մարդիկ, երեսունական թվականների տրոյկաներ են հիշեցնում դրանք: Ասածս կհասկանան մաքսային էպոպեայի միջով անցածները»: «Պապկաներ չեն լինելու, լինելու են բրոքերային կառույցներ, եւ բիզնեսմենն է որոշելու՝ ում դիմել»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: