Ինչպե՞ս է վարչապետը վերաբերվում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանին. «Քանի որ սովոր ենք, որ նախորդ վարչապետերը ծրագիր ներկայացնելիս անընդհատ հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերին: Դուք դա չեք անում, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ձախողել է իր նախընտրական ծրագիրը, կամ մտածում եք՝ նրա ու ձեր անունը, եթե կապեն իրար, վարկաբեկիչ կարող է լինել Ձեր կառավարության համար: Միգուցե Սերժ Սարգսյանը պետք է մանրից իրերը հավաքի ու իշխանության ժառանգականության հարցերը լուծի՞: Այդ կոնտեքստում ձեր դերակատարությունն ինչպե՞ս եք պատկերացնում, ձեր անդամները ո՞ւմ են համարում առաջնորդ-ղեկավար Ձե՞զ, թե նրան»: Պարոն Փաշինյանը նաեւ խոսեց մոնոպոլիաներից. «Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեդիա դաշտում գերիշխող դիրք ունի, դուք այդտեղ անելիք տեսնու՞մ եք, թե՞ ոչ: Ինչպե՞ս եք կարծում, օրինակ, Սամվել Ալեքսանյանի շաքարային մոնոպոլիան օրինակա՞ն է ձեւավորվել, թե՞ ոչ»: Այդ պահին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նստած էր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի կողքին ու իր մասին լսելիս քմծիծաղ տվեց: Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Այնպես են ասում՝ մեր վարչապետը լավ մենեջեր է, լավ մեջեր է, ոնց որ «Երեւան սիթի»-ի տնօրեն են նշանակել»: Վարչապետը կարճ անդրադարձավ բոլոր հարցերին. «Ինչպես եմ վերաբերվում Սերժ Սարգսյանին՝ շատ հարգալից: Ձեր հարցը բավականին բազմազան էր, փորձեմ հասկանալ ձեր ստորակետները: Կառավարության անդամներից հարցրեք՝ հարգանքի մասին, Սերժ Սարգսյանի ծրագրերը շարունակական են, այո. նա է ինձ նշանակել, հրավիրել՝ որպես վարչապետ: Ինչպե՞ս ենք պայքարելու Սամվել ալեքսանյանի շաքարային եւ այլ մոնոպոլիաների դեմ, ձեւակերպումս սխալ կլինի, եթե ասեմ՝ ինձ չի հետաքրքրում, բայց խաղի կանոնները նույնն են, լինելու է բաց դաշտ, ով այդ ոլորտում ավելի հաջողակ կլինի, ժամանակը ցույց կտա»: Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով. «Եթե ասում եք՝ շատ հարգալից եք վերաբերվում Սերժ Սարգսյանին, դա նշանակո՞ւմ է իշխանության մեջ կան մարդիկ, որոնց ոչ հարգալից եք վերաբերվում...»: Այդ պահին վարչապետ Կարապետյանը փորձեց ընդհատել նրան, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց. «Հիմա դուք պետք է լուռ լսեք իմ հարցը, Ձեր պատասխանելու հերթը կգա: Դուք Սերժ Սարգսյանին որպես միջին վիճակագրական իշխանավորի՞ եք վերաբերվում, թե՞ ավելի բարձր մի քիչ»: «Թե ոնց եմ վերաբերվում Սերժ Սարգսյանին, պատասխանել եմ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը: