Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թաթոյանը հրապարակել է ձայնագրություններ, որտեղ ուսանողներին հորդորում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին (տեսանյութ)

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր հրատապ ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով ձայնագրություն, որտեղ, նրա պնդմամբ, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը ուսանողներին պարտադրում է ժամը 17:00-ին հավաքվել հրապարակում և մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած համերգին։

Թաթոյանի խոսքով՝ խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Արմավիրի ավագանու անդամ։

«Մենք գործ ունենք մեծ հանցավոր սխեմայի հետ, որը հարկադրում է քաղաքացիներին մասնակցել իշխող կուսակցության հավաքներին»,- հայտարարեց նա։

Թաթոյանի խոսքով՝ իր թիմը շարունակելու է փաստահավաք աշխատանքները՝ «քաղաքացիներին իշխանության ահաբեկումներից և սպառնալիքներից պաշտպանելու համար»։

«Այս փաստերն արդեն բավարար են, որպեսզի քրեական վարույթ ստեղծվի։ Եթե սա լիներ ընդդիմադիրների արածը, հիմա հաստատ ամեն ինչ արված կլիներ նրանց պատժելու համար»,- նշեց նա։

Նա նաև քաղաքացիներին կոչ արեց չվախենալ և վստահեցրեց, որ իրենք շարունակելու են բացահայտել նմանօրինակ դեպքերը։

Թաթոյանը հավելեց նաև, որ տեղեկություններ կան, թե «ջրի տեսուչներ» են շրջում բնակիչների տներով, ցուցակներ կազմում, մարդկանց անուններ նշում, քարոզչություն իրականացնում և, ըստ նրա, նաև վախեցնում քաղաքացիներին։

«Մեր քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչ է կատարվում, և բոլորս միասին պետք է լուծենք մեր երկրի հարցը՝ ընտրություններին ակտիվ մասնակցության և գործող իշխանությանը հեռացնելու միջոցով»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում