Իշխանությունը փորձելու է փոշիացնել ընդդիմադիր ձայները. Արամ Մանուկյան (տեսանյութ)
2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխանությունը փորձելու է փոշիացնել ընդդիմադիր ձայները, վստահ է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա համաձայն է այն կարծիքի հետ, որ գործելու է ձայները փոշիացնելու այն մոդելը, ինչը Վանաձորի ու Գյումրիի ավագանու ընտրությունների պարագայում եղավ։ Սխեման հետևյալն է՝ կեղծ ընդդիմադիր ուժերը կխլեն ընդդիմադիր ձայները, ՀՀԿ-ն ռեսուրսների կիրառմամբ կստանա օրինակ՝ 30% ձայն, և էլի կկազմի մեծամասնություն խորհրդարանում։ «Վանաձորն ու Գյումրին կդառնային գաղափարների մրցակցության բեմ, բայց այդ բանը տեղի չունեցավ։ Տեղի ունեցավ կլանների, թայֆաների, խմբերի մրցակցություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Արամ Մանուկյանը։ Ինչ պետք է անեն առողջ ուժերը՝ թույլ չտալու համար, որ ընդդիմադիր ձայները փոշիացնող քաղաքական ուժերը չկարողանան կատարել իրենց «առաքելությունը»։ «Եթե կուսակցությունը իշխանական պրոյեկտ է, այդպիսին էլ մնալու է։ Ինքը աշխատելու է իր 10%-ն ստանալ ու ընդդիմադիր աշխատել։ Լիքն է դաշտը կեղծ, սարքած կուսակցություններով, որոնք սնվում են իշխանական լծակներից, բայց ընդդիմադիր են աշխատում։ Հասարակությունը հնարավորինս պետք է բացահայտի՝ ով ինչ է, ով ում պրոյեկտն է և եթե հասարակությանը հասցնենք կեղծ պրոյեկտների գոյությունը, նա երբեք էլ չի ուզի կեղծին ձայն տալ»։ Իսկ ի՞նչ անել Ազգային ժողովի ընտրություններում նման սցենարների կրկնությունը բացառելու համար. «Մեր խնդիրը մենք համարում ենք առաջիկա պառլամենտական ընտրությունների քաղաքականացումը։ Հույսը նա է, որ ԸՕ-ն, որը կգործի, կքչացնի այդ երևույթների չափը, չի վերացնի, մենք ռոմանտիկ չենք, որ ասենք լինելու է արդար ընտրություններ»։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ հասարակությունն իր համախմբվածությունը ցույց է տվել անցած տարվա դեկտեմբերին կայացած Սահմանադրական հանրաքվեի ժամանակ. «Հասարակությունը միասնական բռունցքով իշխանության դեմ դուրս եկավ և սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկեց»։ Արամ Մանուկյանի վստահեցմամբ՝ քաղաքացիներն այժմ ունեն մեկ խնդիր՝ իշխանափոխություն։ Մանրամասները՝ տեսանյութում