«Գագիկ Ծառուկյանի նախադեպը շատ վատն էր». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ՀԱԿ հայտարարությանը՝ առաջիկա ԱԺ ընտրություններին այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, նշեց. «Մենք որեւէ սպասելիք չունեինք, որ քաղաքական ուժերը պետք է հրապարակային արձագանքեին մեր հայտարարությանը. այդ հարցերը այլ կերպ են լուծվում: Հիմա չեմ ուզում այդ արձագանքների մասին խոսել՝ լուրջ քաղաքական ուժերից չէին կարող ու չեն էլ եղել հրապարակային արձագանքներ: Ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը, որը ազդեցություն կունենա հասարակության վրա, հայտարարություններով չի լուծվում, այլ բանակցություններով, որոնք ինչ-որ պահից կլինեն»: Ինչ վերաբերում է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին, Լեւոն Զուրաբյանը նշեց. «Չեմ ցանկանում զբաղվել շահարկումներով դեռ չկայացած փաստերի վերաբերյալ: Ավելի ուշ կհասկանանք՝ ինչ քաղաքական ուժեր են մտել պայքարի մեջ, կլինեն բանակցություններ, կձևավորվեն դաշինքներ, այդ ժամանակ դիմեք ինձ վերլուծությունների համար, ես մեծ հաճույքով կպատասխանեմ: Մենք հնարավոր համարում ենք մեր համագործակցությունը նրանց հետ, որոնք նպատակ ունեն հասնելու իշխանափոխության եւ ժողովրդավարության հաստատման: Գագիկ Ծառուկյանի նախադեպը այդ առումով շատ վատն էր»: