Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեք կարողանում կառավարել բյուջեն. Թևան Պողոսյանը՝ Հրայր Թովմասյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
d5902ae0cccc3cfd0be485b777b5cd58

ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկումներին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ եկող տարի 262 մլն դրամի պակասուրդ են ունենալու, որից 168 մլն-ն՝ աշխատավարձերի մասով, որը կրկին պայմանավորված է ԱԺ առաջիկա ընտրությունների անկանխատեսելի արդյունքներով: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը դժգոհեց իրենց աշխատավարձերի հետ կապված. «Պարոն Թովմասյան, դուք խոսում եք պահանջատիրոջ կարգավիճակից, դա լավ է տիրոջ համար: Հասկանում եմ, որ ամեն ինչ կոմպրոմիսային ձեւով է լուծվում, սակայն ձեր վարքագիծը մի փոքր այլ կերպ պետք է լինի. մի փոքր բանով բյուջեն ընդունվում է, հետո չեք կարողանում կառավարել: Խնդիրներն այստեղից են գալիս»: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս նշեց, որ այս բյուջեն պետք է ճկուն լինի. «Ես հասկանում եմ, որ ընտրություններից հետո ԱԺ մի շարք լիազորություններ են ավելանալու, օրինակ՝ վերահսկողական եւ այլն: Այս պարագայում ո՞ր տողերում կարող է բյուջեն ավելանալ: Հասկանում եմ, որ պատգամավորների թվի ավելացման պարագայում կլինեն նաեւ համապատասխան հատկացումներ»: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այս տարի եւս հնչեցրեց իր այն առաջարկը, որ բազմիցս է ասել. «Առաջարկում եմ վերանայել պատգամավորների պահպանման ծախսեր կոչված չարաբաստիկ հոդվածը, եւ այդ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, այդ գումարները ուղղենք բյուջեի առողջապահության ծախսերի հոդվածին, ավելացնենք պետական համավճարի մասը: Դա շատ կարեւոր է, քանի որ այնտեղ գումարները բավարար չեն»: Հրայր Թովմասյանը նշեց, որ պատգամավորների աշխատավարձերը այլ հոդվածով են սահմանված. «Այդ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի հետ կապված խոսքն ընդամենը 12 մլն դրամի մասին է: Կարող եք մրցույթ հայտարարել, եթե որեւէ ընկերություն դա կանի անվճար կամ ավելի քիչ գումարով, բնականաբար, Կառավարությունը կորոշի՝ որտեղ այն օգտագործել: Այդ ծրագիրն անհրաժեշտ է ԱԺ բնականոն աշխատանքների համար: Ես չեմ այդ փաստաթղթի տերն ու հասցեատերը»: