30-31 դատախազ դիմում է ներկայացրել
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկումներին ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը նշեց, որ իրենց հատկացումը կազմում է մոտ չորս մլրդ դրամ, որից 89 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա: Նա նշեց, որ հիմնական խնդիրը պայմանավորված է կենսաթոշակների հետ: Պարզվում է՝ 30-31 դատախազ եկող տարվա հունվարի մեկից արդեն ներկայացնելու են վերջնահաշվարկի դիմումներ՝ աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու մասին. «Խնդիրն այն է, որ 2017թ. հուլիսի մեկով դատախազների կենսաթոշակի չափը էականորեն նվազելու է: Եթե այս խնդիրը չլուծվի, ապա խնդրի առաջ ենք կանգնելու»: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը հարց ուղղեց ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց կայանվող մեքենաների մասին. «Հնարավո՞ր չէ նորմալ կայանել, որ երկու-երեք շարքով չկանգնեն մեքենաները: Կա՞ն համապատասխան ծախսեր»: «Պարոն Պողոսյան, ձեր հայտարարությունից հետո այդ խնդիրը լուծված է»,- վստահեցրեց Հմայակ Նավասարդյանը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն ի՞նչ որակական ցուցանիշներ պետք է հետապնդի եկող տարում. «Ամեն անգամ տարեկան հաղորդում եք ներկայացնում, որտեղ կա ամեն ինչ, բացի այն հիմնական ցուցանիշներից, որոնք պետք է բնորոշ լինեին միայն Դատախազությանը: Դուք ուղենշե՞լ եք, թե որ ուղղությամբ քանի քայլ ու որքա՞ն պետք է կատարեք»: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս նկատեց, որ իսկապես պետք է լինեն հստակեցումներ. «Հակառակ դեպքում հայտնի քոփի-փեսթի պատմությունն է դառնում, որ ամեն տարի նույն թվերն ու ցուցանիշներն են, միայն մի թիվ այս կողմ, այն կողմ»: Հմայակ Նավասարդյանը վստահեցրեց, որ իրենք ունեն հստակ ուղենիշներ ու առաջնորդվելու են դրանցով: