Սիրիահայերը հիմնականում ցանկանում են Երեւանի կենտրոնում ապրել (տեսանյութ)
Սփյուռքի նախարարությունը 160 առաջարկ է ստացել մարզերում սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար: Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի խոսքերով՝ սիրիահայերը հրաժարվում են առաջարկից, թե այդքան հեռու չեն կարող գնալ ապրելու: « Պարույր Սեւակի անվան թանգարանի տնօրենը զանգահարել է մեզ եւ ասել, որ երկու հարկանի առանձնատուն ունի՝ ամբողջ կահույքով, անկողինով եւ այլն, պատրաստ է առանց կոպեկի տրամադրել սիրիահայ ընտանիքի: Գյուղական վայրերում բնակարանները հողամաս ունեն, բայց դա էլ ենք հասկանում: Քաղաքաբնակը հողագործությամբ զբաղվել չի կարող, մարդը չի կարող գնալ հող մշակել, եթե պապենական ինքն արհեստագործ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքերով՝ շատերը ցանկանում են ապրել Օպերայի շրջակայքում: Ըստ Սերժ Սրապիոնյանի՝ նախարարությունը ամեն օր էլ ընդունում է սիրիահայ ընտանիքների, օգնում նրանց, ժամանակավոր կացարաններ տրամադրում, հետո որոնում են բնակարաններ, եւ վճարում են նաեւ վարձի մի մասը: Սիրիահայերի համար էլ Հայաստանում ապրելը հեշտ չէ, նրանք չեն հարմարվում աշխատավարձին եւ մի քանի ամիս հետո ազատվում են աշխատանքից «Այն աշխատավարձը, որոնք իրենք ստացել են Հալեպում խաղաղ օրերին, այստեղ մենք տալ չենք կարող: Դա էլ նրա իրավունքն է, ի վերջո»,- ավելացնում է Սփյուռքի նախարարի տեղակալը: