Ինչո՞ւ ԱԳՆ-ն չարձագանքեց Սերգեյ Մարկովի հարցազրույցին
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը Արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարց ուղղելիս հիշեցրեց Սերգեյ Մարկովի հարցազրույցը, որում նա ասել էր, թե ԼՂ հակամարտության խաղաղության համաձայնագիրը պատրաստ էր, որ ԼՂՀ-ն մտներ Ադրբեջանի կազմ՝ որպես ինքնավար մարզ, սակայն Հայաստանը վերջին պահին չի ստորագրել. «Մենք գիտենք, որ Մարկովը պատահական մարդ չէ, նա կրեմլյան կուլիսներում ակտիվ խլրտացող անձնավորություն է, Ադրբեջանի լոբբիստներից: Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չարձագանքեց նրա հարցազրույցին»: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան նշեց. «Լավ է, որ նշեցիք՝ Մարկովը պաշտոնյա չէ: Այն, ինչ նա ասել էր, որեւէ իմաստ չուներ, որ ԱԳՆ-ն արձագանքեր: Դա կարող էր ցանկացած վերլուծաբան անել, բայց ոչ ԱԳՆ-ն: Տալ արժեք ցանկացած անհեթեթության, մենք հարիր չենք համարել: Եթե որեւէ մեկը գրավոր հարցով դիմեր մեզ, մենք կպատասխանեինք, օրինակ՝ եթե դուք դիմեիք, հաճույքով կպատասխանեինք»: Ի դեպ, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովն ու ԱԳՆ-ն նոյեմբերին կանցկացնեն լսումներ՝ արտաքին տնտեսական ինտեգրման վերաբերյալ: