Ընդդիմությունը գիտի, որ չի կարող ստանալ 1/3, դրա համար արտահերթ ընտրություն չի ուզում․ Մ․Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այստեղ կարևոր դեր է խաղացել այն հարցը, որ Ադրբեջանն ընտրել է՝ ապաշրջափակումը տեղի ունենա ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ։ Նախապատվությունը մենք չենք առաջարկել։ Հայաստանն ուներ իր պատկերացումները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն։ Բավական էր՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ համաձայնեին, որ մեր ուզած բառապաշարը լինի, մենք պատրաստ էինք առաջ շարժվել։ Դա բխում էր մեր պայմանավորվածութոյւններից։ Բայց օրվանից էր կախված՝ պահ կար մեկը չէր համաձայնում, պահ կար՝ մյուսը։ Եվ Ադրբեջանը համաձայնեց, երբ դա ԱՄՆ-ն առաջարկեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի ապաշրջափակմանն ու TRIPP ծրագրին։
Պատգամավորն ասում է՝ 44 օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդական ջանքերը պարբերաբար բնութագրել է որպես չուզենալ կամ չկարողանալ։ Եվ դժվար է եղել տարբերակել՝ դա չցանկանալո՞ւ խնդիր էր, թե՞ ներազդելու ուժի և ռեսուրսների պակաս։ Միաժամանակ՝ հիշեցնում է այն հանգամանքը, որ մինչև պատերազմը Ռուսաստանը, ռազմավարական համագործակցություն ունենալով Հայաստանի հետ, տարիների ընթացքում նույն հարաբերություններն է ձևավորում նաև Ադրբեջանի հետ։ Մարիա Կարապետյանը նաև չբացառեց տարբերակը, որ այդ երկրի վրա Թուրքիան ու Ադրբեջանն ազդեցության ինչ լծակներ են ունեցել և ունեն։
ԻՆչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, պատգամավորն ասում է, իր համար ավարտված չէ այն հնարավորությունը, որ ԱԺ ընդդիմությունը չի տա պակասող 6 ձայնը։ Հիշում է, որ դեռևս 90-ականներին՝ ՀՀ առաջին Սահմանադրության ընդունման ժամանակ, խորհրդարանական ընդդիմությունը ՀՅԴ-ի հետ միասին չապահովեց հանրաքվեի համար անհրաժեշտ ձայների 2/3-ը։ Դա չարեց, մինչև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանությունը չհամաձայնեց նախագծում ներառել Անկախության հռչակագրին ուղղված հայտնի դրույթը։
«Այսինքն՝ ՀՀ-ն կառավարվել է ընդդիմության գաղափարների ներքո, և մենք տեսել ենք դրա հետևանքը։ Նրանք պետք է պատասխանեն, թե մեր պատմության մեջ ինչո՞ւ են պատնեշ հանդիսանում արդեն երկրորդ անգամ»,- հավելեց Մարիա Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։