Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը բոլոր ձվերը դրեց մի կողովի մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-arakelyan

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գազի գնի իջեցումը ողջունելի է, բայց ցավալի է, որ դա արվում է ոչ թե պետության վարած քաղաքականության արդյունքում, այլ պայմանավորված է վարչապետի անձով: «Ցավալի է, որ մենք ամբողջը հանձնեցինք «Գազպրոմին» այն պարագայում, երբ Իրանն առաջարկում էր նորմալ՝ 1400 միլիմետրանոց  խողովակաշար անցկացնել։ Մենք ոչ միայն ընտրեցինք փոքրը, այլ նաեւ այդ խողովակաշարը պարտքերի դիմաց հանձնեցինք «Գազպրոմին»: Այսինքն, կառավարությունը չհարգեց ժողովրդական հին խոսքը, որ ձվերը մի կողովի մեջ չեն դնում եւ դրեց, այն էլ ընկավ ու կոտրվեց»,-ասաց Ա. Առաքելյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի խոսքերով, երբ խողովակաշարի կառուցման բանակցություններ էին ընթանում Իրանի հետ, ինքը եղել է էներգետիկայի  փոխնախարար եւ տեղյակ է, որ Իրանի հետ բանակցելը բավական բարդ գործ է: «Այդ գործում բացառիկ ներդրում են ունեցել այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը եւ Կարեն Կարապետյանը: Իրականում Իրանի դեպքում հայտարարությունը գործի վերածելը շատ բարդ գործ է:  Ընդ որում՝ 700 միլիմետրանոց խողովակաշարը հնարավորություն է տալիս տարեկան 2,5 մլրդ խմ գազ տեղափոխել, մինչդեռ, Հայաստանը սպառում է շուրջ 1,3 մլրդ խմ: Ներկայիս խողովակաշարը եւս հնարավորություն է տալիս գազ արտահանել: Կարծում եմ, տեղյակ եք, որ Հայաստանն արդեն գազ է տալիս Վրաստանին, ստանում է Էլեկտրաէներգիա, որն էլ փոխանցվում է Իրան»,-ասաց պատգամավորը: Ա. Դավթյանի խոսքերով, ինչ վերաբերում է տեսակետին, թե գազի գնի իջեցումը պայմանավորված է վարչապետի անձով, ապա եթե նույնիսկ դա իրականությանը համապատասխանում է, ապա փառք ու պատիվ նրան: Ըստ նրա՝Գազպրոմը դերակատարում չունի սակագների իջեցման մեջ: «Պարզապես Կ. Կարապետյանը մինչեւ վերջ տիրապետում է բոլոր նրբություններին եւ դրա համար էլ նրա առաջին հանձնարարականը եղավ սակագների վերանայումը, որպեսզի կարողանանք օգնել տնտեսությանը: Դա թույլ կտա չեզոքացնել արտահանման հետ կապված  տրանսպորտային խնդիրները»,-ասաց նա։ Ա. Դավթյանը նաեւ հույս հայտնեց, որ սա վերջին քայլը չի լինի: «Չբացառենք, որ ականատես կլինենք էլ ավելի մատչելի գազամատակարարմանը  Հայաստան, որն էլ  ազդեցություն կունենա տնտեսության զարգացման եւ մարդկանց կենսամակարդակի վրա»: