«ԿՈՄԻՏԱՍ»՝ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվել մի ձայնասկավառակ, որն Կոմիտասին աշխարհին կներկայացնի նորովի: Քանի որ այդ աշխատությունն ուղղված է հիմնականում օտարերկրացի ունկնդրի համար, ձայնասկավառակում՝ բացի բուն սկավառակից ներկայացված է նաեւ Կոմիտասի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ 26 հայերեն երգերի կողքին այն ընդգրկում է 9 ստեղծագործություն գերմանացի բանաստեղծների (Գյոթե, Ուլանդ, Լենաու եւ այլոց) տեքստերով, որոնց երաժշտությունը Կոմիտասը գրել է Բեռլինում իր ուսանելու տարիներին: Ի դեպ, սկավառակի հետ կա նաեւ գրքույկ, որում ներկայացված են երգերի հայերեն, գերմաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն տեքստերը:
«Ապացուցված է՝ բոլոր ազգերի ներկայացուցիչները հավասարապես հուզվում են, օրինակ՝ «Կռունկը» լսելիս: Այժմ կարող են նաեւ կարդալ եւ հասկանալ՝ ինչի մասին է երգը: Իսկ դա նշանակում է ծանոթանալ մեր պատմությանը»,- ասում է «Հայկական մշակույթի դեսպանուհի» ոչ պաշտոնական կոչումը կրող Հասմիկ Պապյանը, որն էլ աշխատել է այդ ձայնասկավառակի ստեղծման վրա: Ի դեպ, ձայնասկավառակի ստեղծումը զուգորդվել է բազմաթիվ բարդություններով:
Օրինակ՝ անընթեռնելի էին Կոմիտասի ձեռագրով գրված այն նոտաները, որոնք այսօր պահպանվում են Չարենցի անվան գրականության թանգարանում: Որպեսզի երաժիշտները կարողանան դրանք ընթերցել, որոշվել է դիմել գերմանացի մասնագետներին, որոնք համակարգչային տեխնիկայի միջոցով վերարտադրեցին հնագույն աշխատությունները: Ի դեպ, այսօր Մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին բերվել էին նաեւ այդ հին նոտաները, որպեսզի լրագրողները կարողանան անձամբ տեսնել, թե ինչպիսի հին աշխատություններ են դրանք:
Ձայնասկավառակի ստեղծումը հայ արվեստագետների եւ պրոֆեսորների կողմից բնութագրվում է իբրեւ աննախադեպ երեւույթ: «Կոմիտասը մեկն է մեր մեծերից, որն ապացուցեց, որ կապ կարելի է ստեղծել արեւելքի եւ արեւմուտքի միջեւ: Ունիկալ ձայնագրություն է, ունիկալ իր բովանդակությամբ առաջին հերթին: Այս խտասալիկն ընդգրկում է կոմպոզիտորի նոր հայտնությունը եւ կայացման ճանապարհը»,- նշեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Սարյանը: Իսկ Չարենցի անվան գրականության թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը հավելեց, որ ներկայացված է «մեկ ուրիշ Կոմիտաս՝ եվրոպական մակարդակի Կոմիտաս»:
«Նվիրում Կոմիտասին» ձայնասկավառակի պատրաստման բոլոր աշխատանքներն իրականացվել են Գերմանիայում: «Որպես գերմանացի ես այսօր շատ հպարտ եմ, որ այս սկավառակը ստեղծել է գերմանական ընկերության կողմից եւ տարածվելու է ամբողջ աշխարհով: Այսօր դժվար է հետաքրքրել մարդկանց անծանոթ երաժշտությամբ: Այդ աշխատանքներն իր վրա է վերցրել «Բավարական Ռադիոն»: Այս ձայնասկավառակը կոչված է Կոմիտասին ավելի շատ օտարներին ներկայացնելու համար»,- նշեց Ավստրիական պետական թատրոնի, Մյունխենի օպերային թատրոնի դրամատուրգ Կոնրադ Քուհնը: Վերջինիս ներկայացնելիս Հենրիկ Բախչինյանը հայտարարեց. «Ահա մեր ազգի փեսան»՝ նկատի ունենալով, որ Կոնրադ Քուհնը Հասմիկ Պապյանի ամուսինն է, եւ որ հենց երգչուհու շնորհիվ է սովորել հայերեն եւ այժմ կատարյալ տիրապետում է դրան:
Ասուլիսի մասնակիցներն այսօր չկարողացան ձայնասկավառակի վերաբերյալ ներկայացնել օտարերկրացի քննադատների արձագանքները՝ աշխատության վերաբերյալ: Բացատրությունն այն է, որ դեռ քիչ ժամանակ է անցել ձայնասկավառակի լույս տեսնելուց:
Ինչ վերաբերում է Հասմիկ Պապյանի հայաստանյան ելույթներին, ապա երգչուհին նշեց, որ կցանկանար, որպեսզի Հայաստանի բեմում հաջորդ համերգին ներկայանար նորովի, քանի որ հայ հանդիսատեսն, իր կատարմամբ, արդեն բազմիցս ունկնդրել է Անուշներին եւ Նորմաներին: Երգչուհին հավաստիացրեց, որ նոր գաղափարներ կան, սակայն դեռ ժամանակ է պետք դրանք իրականացնելու համար: