Գյուղացիները չեն վճարում 1000 դրամը. գյուղապետը դիմել է հարկադիրին (տեսանյութ)
Արարատի մարզի Այգեստան գյուղում լարված իրավիճակ է: Հողի հարկերը չմուծելու համար հանրապետական գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը դիմել է հարկադիր կատարողներին՝ բնակիչներից գումարները հավաքելու համար: Նա 77 հայց է ներկայացրել: Գյուղապետն անկեղծանում է, մինչ այդ դիմել է բնակիչներին՝ ամսական 1000 դրամ հողի հարկ վճարելու համար: «Ես իմ պլանները կկատարեմ, չեմ գնա մարզպետարան, թուքումուր չեմ ուտի, իմ փոխարեն էլ մարզպետին վերեւում չեն թուքումրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղապետը: Նրա խոսքերով՝ գյուղում կատաստրոֆիկ վիճակ էր, ոչ մեկը չէր ուզում հարկ մուծել, մինչեւ հոկտեմբերի 1-ը որեւէ հարկ չի հավաքվել. «Մեկ միլիոն հարկ եմ մուծել: Չեմ վճարելու իմ աշխատողների աշխատավարձը, մանկապարտեզի աշխատողների վարձն եմ պահել եւ վճարել: 500 հազար ուրիշից պարտք եմ արել, բերել եմ հողի հարկ եմ վճարել»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքերով՝ գյուղում այդպիսի իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ մյուս թեկնածուն հայտարարել է, թե հարկեր վճարելը պարտադիր չէ: «Իմ հակառակորդ թեկնածուն ասում էր հո ախմախ չեք, ինչո՞ւ եք հարկ վճարում, ես կգամ բոլոր հարկերը կջրեմ»,- ասաց սեպտեմբերի 18-ին գյուղապետ ընտրված Սոկրատ Հովսեփյանը: