ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՓՈՔՐ ՈՒ ՀԵՂՁՈՒՑԻՉ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայֆեստ» միջազգային թատերական չորրորդ փառատոնի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է` մասնակցում է 31 երկրի շուրջ 350 ներկայացուցիչ: Տիկիկայաին թատրոնի մուտքի մոտ տեղադրված տոնածառը, որ զարդարված էր մասնակից երկրների դրոշներով, դրա վառ վկայությունն էր: «Դրոշների առատությամբ շուտով կարող ենք մրցել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի հետ»,- հպարտությամբ նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Տարեց տարի որքան մեծանում է փառատոնի մանակիցների թիվը, այնքան փոքրանում է դահլիճը: Հաջորդ փառատոնը արդեն երեւի անցկացնենք փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանենց տանը»,- փորձեց կատակել փառատոնի գլխավոր պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը: Կատակը ստացվեց, բայց այն իմաստով, որ Տիկնիկային թատրոնի դահլիճն իրոք շատ փոքր է նման մասշտաբ ստացած փառատոնի համար: Մանավանդ, որ 2004թ. «ՀայՖեստ»-ը միջազգային հեղինակավոր թատերական մի շարք կազմակերպությունների կողմից ճանաչվել է կովկասյան տարածաշրջանի գլխավոր թատերական փառատոն: Դա հատկապես զգացվում էր հենց առաջին ներկայացման դիտման ժամանակ, երբ ոչ միայն շնչելն էր անհնար դարձել, այլեւ դերասանների խաղին հետեւելը:
Իսկ «ՀայՖեստ»-ի առաջին ներկայացումը ռուսական «Պրակտիկա» թատերական խմբի «Ամեն ինչ փողի մասին» դրաման էր:
Այն ամենայն անկեղծությամբ պատմում է խոշոր մի քաղաքի սովորական մի ընտանիքի մասին, որտեղ ամեն ինչ պայմանավորվում է փողով :
Էդուարդ Բոյակովի ղեկավարած «Պրակտիկա» թատրոնը մոսկովյան շուրջ 200 պաշտոնական թատրոններից ամենաերիտասարդն է եւ բեմադրում է միայն ժամանակակից հեղինակների պիեսներ: «Ինձ համար շատ անսովոր էր, որ փառատոնը բացվեց իմ այս ներկայացմամբ, քանի որ այն ոչ ավանդական է եւ թվում է՝ այնքան էլ սազական չէր իբրեւ փառատոնի բացում: Սցենարի հեղինակ լրագրող, թատերական քննադատ Վիկտորիա Նիկիֆորովայի հետ միասին ցանկացել ենք ներկայացնել այսօրվա հասարակության իրական պատկերը: Իսկ այդ հասարակությունն այսօր դարձել է փողի գերին: Մարդկանց բոլոր մտքերը, հույզերը «փողայնացվել են»: Իսկ դա կործանարար է»,- ասում է Էդուարդ Բոյակովը:
Նրա բնորոշմամբ, փառատոնի բացումն այս ներկայացմամբ միգուցե հետագայում խորհրդանշական դառնա:
Ի դեպ ,մինչեւ հոկտեմբերի 14-ը շարունակվելիք «ՀայՖեստ» փառատոնի շրջանակներում այս տարի կկազմակերպվեն նաեւ Տիկնիկային եւ Մանկական թատրոնի միջազգային փառատոնները: