Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրուն մենք բոլորս մի քիչ պարտք ենք» (տեսանյութ)

Մշակույթ
mans

«Գյումրին ընտիր, կայացած մշակութային տարածք է, թե դասական, թե ժողովրդական երաժշտության, թե նկարչական արվեստի առումով։ Գյումրին արվեստաց քաղաք է, մեր հոգևոր կենտրոններից է եղել և սա պետք է չմոռանալ»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Իր ստեղծագործական առաջին քայլերն այնտեղ է  արել, և միշտ կապված է  եղել այս քաղաքի հետ։ Ուստի  նոյեմբերի 18-ին  Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայանալիք  հեղինակային համերգ-երեկոն բացառիկ նշանակություն ունի նրա   համար։ Շուկայական հարաբերություններն են իրենց արժեքներն ու օրենքներն են թելադրում, սակայն,  կոմպոզիտորի խոսքով,  ամեն ինչ պետք է անենք, որ իրական արվեստի ներսում թույլ չտանք, որ շուկան իշխի, այլապես ամենը հանձնելու ենք նրան, իսկ շուկայի սկզբունքն է՝ ավելի  էժան, որ շատ առնեն։ Գեղատեսիլ վայրում գտնվող «Սև բերդ» ամրոցն ունի պատմական նշանակություն, հիանալի հնչողություն, և կազմակերպիչների հավաստմամբ կդառնա միջազգային դասական երաժշտության փառատոնների ամենամյա կենտրոն»։ « Սա աննախադեպ համերգ է ինձ համար,-  ասում է համերգի հատուկ հյուր Հասմիկ Պապյանը,-այս քաղաքի ճակատագրի հանդեպ ես անտարբեր չեմ։ Ավելին՝ ասեմ,  մենք բոլորս մի քիչ պարտք ենք   Գյումրուն»։ Համերգին կատարվելիք Մանսուրյանի ստեղծագործությունները հայաստանյան պրեմիերաներ են։ Առաջին բաժնում ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի կատարմամբ կհնչեն «Զուգահեռ երգերն» ու կոմպոզիտորի այլ ստեղծագործություններ, նաև նոր երկեր, երկրորդ բաժնում՝ «Ռեքվիեմը»՝ մասնակցությամբ Հայաստանի կամերային երգչախմբի, Գյումրու «Տիրամայր Հայաստան» երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի։