Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ

Մշակույթ

15 տարվա ընթացքում Հայաստանում 275 գրադարան է փակվել: Ըստ Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի, փակվելու հետ մեկտեղ չեն բարելավվել մնացածի վիճակը:

«Վերջին տարիներին գրադարանների 90 %-ը նոր գրքեր չեն ստացել: Գյուղական գրադարանները ընդհանրապես գրականությամբ չեն համալրվում, բացի այդ, մամուլ ընդհանրապես չեն ստանում»,-ասում է նա:

Հայաստանում նվազել է ընթերցողների թիվը, եւ ինչպես պնդում է Ռաֆիկ Ղազարյանը, այդ գրադարանների` նոր գրքերով ու թերթերով չհամալրման արդյունք է: Գրադարանների շենքային ոչ բարվոք պայմանները եւս դառնում են ընթերցողների վատ հաճախելիության պատճառ:

Սակայն այսօր Ազգային գրադարանում միջոցառում էր կազմակերպվել ոչ թե խնդիրների մասին խոսելու, այլ բոլորովին այլ առիթով: Հայաստանի գրադարանավարներն այսօր նշում էին իրենց մասնագիտական տոնը: ՀՀ տոնացույցում հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է:

Ազգային գրադարանի դահլիճում հավաքվել էին գրադարանի աշխատակիցները եւ մեկմեկու բարեմաղթանքներ էին հղում: Տոնական արարողությանը հրավիրված պաշտոնատար անձանցից ներկայացել էր միայն Մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը, որը նախարարության անունից գրադարանավարներին ասաց. «Դուք, գրադարանավարներդ, մեծ գործ եք կատարում այս ծանր պայմաններում: Հիմա ավելի շատ գրում են, քան կարդում: Բայց պետք է դադարել գրել եւ մի քիչ էլ կարդալ: Մենք բոլորս մեր ընթերցված գրքերի արդյունքն ենք, իսկ մի մասն էլ՝ չընթերցվածի»:

Վերջինս տեղեկացրեց, քանի որ հոկտեմբերի 7-ը շաբաթ է, ապա գրադարանավարները պարգեւներ եւ պատվոգրեր կստանան երկուշաբթի օրը:

Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ նկատեց, որ մեզանում այս տոնը ըստ արժանվույն չի նշվում, սակայն մեր հասարակությունը պետք է ընդունի, որ գրադարանը լուրջ արժեք է: Իսկ իր ոլորտի աշխատակիցներից նա պահանջեց. «Գրադարանավարը պետք է իր համեստությունը մի կողմ դնի եւ պաշտպանի գրադարանը, գիրքը եւ այլն»:

Ի դեպ, գյուղական բնակավայրերի գրադարանավարներն այսօր ստանում են 15-17 հազար դրամ, իսկ խոշոր գրադարանների գրադարանավարները՝ 20-25 հազար դրամ: