Ոչ Արեւմուտքի, ոչ Ռուսաստանի համար Ռոբերտ Քոչարյանը արեւմտամետ չէ. ռետրո (տեսանյութ)
1999-ի դեկտեմբերին Վազգեն Մանուկյանը խորհրդարանում պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Դաշնակցական Կիմ Բալայանին դա ծիծաղելի է թվում։ «Այսօր հրաժարականի խնդիրը չեն լուծում կուսակցությունները: Այսօր հրաժարականի խնդիրը, եթե նման հարց առաջ քաշվի, կարող է լուծվել մի պարագայում՝ եթե կառավարության, վարչապետի շուրջ Վազգեն Սարգսյանի թիմը պահանջի այդ հրաժարականը»,- ասում է «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրը։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվել էին մոտ մեկ տարի առաջ, չնայած դրան, ըստ Կիմ Բալայանի, Ռոբերտ Քոչարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. «Այդ երկուսի արենայից դուրս գալուց հետո այսօր պարզվեց ոչ Արեւմուտքն է Ռոբերտ Քոչարյանին արեւմտամետ քաղաքական գործիչ ընդունում, ոչ էլ Ռուսաստանը»: Մի քանի օր առաջ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը ոչ ոք չի ղեկավարում: Կիմ Բալայանը համաձայն է փոքրիկ վերապահումով. «Մի շարք լիազորություններ կան, որ այսօր նախագահը փաստորեն չի իրականացնում, վարչապետը չի իրականացնում»: Թե ովքեր են իրականացնողը, Կիմ Բալայանը միայն ակնարկում է՝ նրանք, ովքեր ուզում են օգտվել «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունից: Բալայանը շարունակում է մի փոքր կոնկրետացնել՝ իշխանությունը 27-ի գործով նախաքննության ձեռքին է, որի ղեկավարը Գագիկ Ջհանգիրյանն է։ «Ցավոք, մենք չունենք ՀՀ դատական դատական պրակտիկայում մի դեպք, ես նկատի ունեմ աղմկոտ դեպքերից, երբ որ նախաքննությունը եւ դատաքննությունը նորմալ օրինական ճանապարհով կայացել է եւ պարտավոր ենք առավելեւս վստահել: Իսկ Գագիկ Ջհանգիրյանի պարագայում առավելեւս»,-ասում է նա: Դաշնակցությունն այդ օրերին եզակի կուսակցություններից էր, որ կանգնած էին Ռոբերտ Քոչարյանի կողքին: Ունեին նախարարներ, սակայն միեւնույն է, իրենց պատասխանատու չէին համարում իշխանության սխալների համար. «Ես չէի ասի, թե մեկ երկու նախարարական պորտֆել ունենալով կարելի է ասել, որ մենք ամբողջ պատասխանատվությունը վերցնում ենք մեր վրա»: Հեռուստադիտողներն ուզում են հասկանալ՝ ժամանակակից Հայաստանում Դաշնակցությունն անելիք ունի՞, թե ոչ: Դաշնակցության ծրագրով, ըստ Կիմ Բալայանի, նշված է, որ կուսակցությունն անելիք չի ունենա, եթե ազգային բոլոր իղձերը կատարվեն. «Իրականում Ծովից ծով Հայաստանը դա բառեր չեն, դա կենսական անհրաժեշտության տարածք է»: Ի դեպ, պարոն Բալայանը, որը 2003թ-ից ՍԴ անդամ է, Ղարաբաղի հարցն ընկալում էր որպես Ծովից ծով Հայաստանին հասնելու ճանապարհի հանգրվան: