Կանանց նկատմամբ բռնությունը՝ թվերով
Նոյեմբերի 25-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես գենդերայինհ բռնության դեմ պայքարի միջազգային օր։ 2015-2016 թվականներին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ կանայք չեն ընդունում իրենց նկատմամբ տղամարդկանց կողմից կիրառված ֆիզիկական բռնությունը։ Հարցմանը մասնակցած եւ զուգընկերոջ կողմից բռնության ենթարկված կանանց միայն 12,5 տոկոսն է խոստովանել, որ իր նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, մինչդեռ բռնություն կիրառած տղամարդկանց 17,4 տոկսսը խոստովանել է, որ ֆիզիկական բռնության է ենթարկել իր կնոջը։ Բռնության ենթարկված կանանց 45,9 տոկոսը նշել է, որ տղամարդու կողմից ենթարկվել է հոգեբանական բռնություն, իսկ 21,3 տոկոսը՝ տնտեսական։ Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1617 անձ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցված կանանց 86,6 տոկոսն ընդունել է, որ հղիության արհեստական ընդհատման որոշմանը մասնակցել է իր զուգընկերը, մինչդեռ հարցված տղամարդկանց միայն 23,6 տոկոսն է խոստովանել դա։ Ուշագրավ է, որ հարցման մասնակիցների 85,9 տոկոսը նշել է, թե համաձայն է, որ կինը պետք է կույս մնա մինչ ամուսնությունը։