«Լաբորատորիաները համագործակցում են տնտեսավարող սուբյեկտների հետ» (տեսանյութ)
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիային լրատվամիջոցների աշխատանքը բարկացրել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ վերջերս լրատվամիջոցները սկսել են սննդամթերքի շուկան ուսումնասիրել, փորձարկումներ անցկացնել լաբորատորիաներում եւ սխալ տեղեկություններ տարածել: Տիկին Հակոբյանն այդպես էլ անուններ չտվեց, թե որ լրատվամիջոցն է նման տեղեկություններ տարածել, միայն նշեց, որ նման հրապարակումները, երբ լաբորատոր ստուգման են ենթարկվում առաջնային սպառման մթերքները՝ կաթնամթերք, հացաբուլկեղեն եւ մսամթերք, եւ պարզվում է, որ դրանց մեջ կան մանրէներ, թյուրիմացության մեջ են գցում սպառողին. «Մեզանից շատ ոչ ոք չի մտածում սպառողների առողջության մասին: Մենք մսամթերքի, կաթնամթերքի եւ հացաբուլկեղենի 40 ընկերությունում ստուգումներ ենք անցկացրել, ոչ մեկում որևէ խախտում չենք հայտնաբերել: Չի կարելի մեկ լաբորատոր ստուգման եզրակացությունն ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, կամ գնալ խանութից ինչ-որ ճմրթված ապրանք վերցնել, տանել ստուգել եւ ասել, որ այն վատն է»,-նշեց Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքով՝ չի կարելի մեկ լաբորատոր փորձաքննության ենթարկել սննդամթերքը. «Առնվազն երեք տարբեր լաբորատորիայի արդյունք պետք է լինի, մթերքը պետք է վերցվի տարբեր առևտրի կետերից, ոչ թե մեկ, դրանք պետք է կոդավորվեն, որպեսզի լաբորատորիան չիմանա, թե որ ընկերության ապրանքն են ենթարկում փորձաքննության»: Տիկին Հակոբյանը նշեց, որ բոլոր լաբորատորիաներն անխտիր աշխատում են տնտեսավարող սուբյեկտների հետ, ուստի շատ հնարավոր է, որ ինչ-որ լաբորատորիա նեղացած լինի տվյալ ընկերությունից եւ միտումնավոր նման տվյալներ հրապարակի: