ՄՇԱԿՈՒԹՅԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԽՐՈՏՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄինչեւ տարվա վերջ ամիսը մեկ անգամ` ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեի նախաձեռնությամբ, տեղի կունենա իտալական մշակույթը ներկայացնող մեկ խոշոր միջոցառում:
Իր մասշտաբով այս տարվա միջոցառումներն, ինչպես նշեց դեսպանը, նախորդ տարվա համեմատությամբ մի քիչ փոքր կլինեն: «Կարծում եմ համամիտ եք, որ ամեն տարի մեծ մասշտաբի միջոցառումներ ուղղակի հնարավոր չէ կազմակերպել՝ որակի, թե ֆինանսների տեսանկյունից»,- նշեց Մարկո Կլեմենտեն: Ի դեպ, բոլոր միջոցառումների մուտքն անվճար է, քանի որ, ըստ նրա, պետք է ամեն ինչ անել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են հաղորդակից դառնալ արվեստին, բայց չունեն ֆինանսական անհրաժեշտ միջոցներ: «Հայերի սերը օպերայի, բալետի նկատմամբ շատ ուժեղ է: Սա մի կիրք է, որ փոխանցվում է սերնդե սերունդ: Եվ հայ ժողովրդի համար շատ հաճելի է ինչ-որ բան կազմակերպել»,- ասում է Իտալիայի դեսպանը:
Պարոն Կլեմենտեն չխուսափեց նաեւ քաղաքականությունից եւ նշեց, որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Իտալիայում մշակույթը պետական քաղաքականության մեջ մոխրոտիկի դեր է խաղում: «Իտալիայում եւս պետական բյուջեի նվազեցման հիմնական զոհերը դառնում են մշակութային ծրագրերը: Մեր գործունեւությունը միտված է հենց նրան, որ ապացուցենք՝ մշակույթը կարեւոր դեր ունի, քանի որ դա միանգամից սպառվող իր կամ ապրանք չէ, այլ մնայուն արժեք, որը պետք է պահպանել ու զարգացնել: Իսկ երիտասարդ սերնդին այսօր այդ հնարավորությունը չի տրվում գնահատելու այդ արժեքները»,- ասում է դեսպանը:
Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա առաջին միջոցառումը՝ «Ֆրանչեսկա Սելվա» ժամանակակից բալետային խմբի «Կոնֆի դանս» ներկայացումը, որը մեծ ճանաչում ունի Իտալիայում եւ շրջում է ողջ աշխարհով: Ինչ վերաբերում է ֆիլմերի ցուցադրմանը, դրանք այս տարի կլինեն հիմնականում իտալական կինոգործիչների ժամանակակից սերնդի գործեր: Սակայն, նախորդ տարվա պես դրանք դարձյալ կներկայացվեն կամ անգլերենով, կամ իտալերենով: «Մենք ֆրանսիական դեսպանատնից կհետաքրքրվենք, թե ինչպես են նրանք կարողացել իրենց ֆիլմերի դեպքում այդ հարցը լուծել: Տեխնիկական խնդիրների պատճառով դեռ որ դժվարանում ենք ֆիլմերը թարգմանել հայերեն»,- ասաց Մարկո Կլեմենտեն: Այս միջոցառումներն իրականացվում են 2003թ. ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի եւ Իտալիայի միջկառավարական համաձայնագրի շնորհիվ, որը վերաբերում էր մշակութային, կրթական, գիտական եւ տեխնիկական համագործակցությանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի օրերին Իտալիայում, ապա ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ «դա օրակարգային հարց է եւ պետք է քննարկել»: