Հետխորհրդային 9 երկրների շարքում ՀՀ-ն միջին տեղ է զբաղեցնում ժողովրդավարությամբ (տեսանյութ)
Հայաստանն ու նախկին խորհրդային պետությունները մասնակի ժողովրդավար երկրներ են։ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսումնասիրության արդյունքներով՝ որքան ազատ է պետությունը քաղաքականապես, այն առավել ժողովրդավարական է։ Բարձր ցուցանիշ ունեն Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան։ Հայաստանն 9 երկրների շարքում միջին տեղ է զբաղեցնում, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն ու Ադրբեջանը հետնապահներն են։ «Այն պետությունները, որոնք ստորագրել են Եվրաասոցացման համաձայնագիրը և հստակ կողմնորոշում ունեն դեպի Եվրաինտեգրման վեկտրով շարժվելու ուղղությամբ, արձանագրել են լավագույն ցուցանիշները»,-ասում է հետազոտական խմբի անդամ Արուսյակ Ալեքսանյանը։ Հայաստանը համեմատաբար բարձր ցուցանիշ ունի խոսքի ազատության, քաղաքացիական իրավունքների և ազատությունների ասպարեզում։ Մինչդեռ բավարար չէ վիճակը կրթության ոլորտում, նախորդ տարի կրճատվել են հատկացվող գումարները։ Հայաստանի արդյունքի վրա բացասաբար է ազդել նաև 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո այդպես էլ չբարելավվող սոցիալ-տնտեսական վիճակը։ Արուսյակ Ալեքսանյանը նշում է. «Հայաստանը չկարողացավ հաղթահարել աղքատության հիմնախնդիրը և ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի բնակչության 90%-ը աղքատ է, իսկ 2.3%-ը՝ ծայրահեղ աղքատ»։ Հետազոտողների խումբը առանձին ուսումնասիրել է նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացումն՝ սկսած 1995 թվականից։ Ըստ ուսումնասիրության՝ տարեցտարի որոշակի աճ արձանագրվել է, սակայն կտրուկ վատթարացում է եղել 2015 թվականին։ Ցածր կլինի նաև ժողովրդավարության 2016 թվականի ցուցանիշը՝ պայմանավորված Սասնա ծռերի գործողության ու դրան հաջորդած իրադարձությունների հետ, ինչպես նաև Ապրիլյան պատերազմով։ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Հետազոտողների խումբը վեր է հանել այն գործոնները, որոնց ուղղությամբ աշխատելու պարագայում Հայաստանի կառավարությունը 2017-ին ժողովրդավարության բարձր մակարդակ կապահովի։ «Մենք ունենք նաև հասարակության բևեռվածության խնդիր՝ ըստ եկամուտների, և դա այն գործոններից է, որն առավելապես ազդում է ժողովրդավարության մակարդակի ինդեքսի վրա։ Կրթության մակարդակի բարձրացումը ևս կբերի ժողովրդավարության մակարդակի ինդեքսի աճի, հաջորդ փոփոխականը օրենքի գերակայությունն էր»,- ասում է Արուսյակ Ալեքսանյանը։ Հետազոտությունը կատարելիս ԵՊՀ մասնագետների թիմը հիմնվել է ինչպես հայաստանյան պետական և մասնավոր, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների տվյալների վրա։