Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մրցույթի 4 տարի նույն ընկերությունը մատակարարել է պարարտանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
TMPPH

Պարարտանյութերի ձեռքբերման եւ իրացման ոլորտում պետական աջակցության ծրագրից օգտվելու համար այսուհետ կանցկացվի մրցույթ: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել ու պարզել է, որ արդեն 4 տարի է «Մասիսի Բերրիություն» ընկերությունը առանց մրցույթի ընտրվել է ծրագրի շահառու, մատակարարել է ազոտական պարարտանյութ եւ զբաղեցրել  շուկայի 74 տոկոսը, այսինքն՝ ունեցել է գերիշխող դիրք : «Սա նաեւ վարչապետի մոտեցումն է: Պետական ծրագրերը, պետք է անցկացվեն արդար, թափանցիկ եւ հրապարակային: Սա իրազեկում է նաեւ տնտեսվարողներին, որ այսուհետ ամեն ինչ պետք է լինի մրցույթով»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը այսօր հրավիրված նիստում: Տվյալ ընկերությունը  Վրաստանից ազոտական պարարտանյութ է  ներկրում՝ 1 տոննայի համար վճարելով 323 դոլար:  ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտը», որակապես նույն պարարտանյութը ներկրում է 239 դոլարով: «Քանի որ ընկերությունը 84 դոլարով ավելի էժան է ձեռք բերում պարարտանյութը, ապա պետությունն ավելի քիչ սուբսիդիա կվճարի 1 տոննայի համար՝ խնայելով 43 հազար 600 դրամ: Փաստացի 2015 թվականին մոտ 1,5 մլրդ դրամ կխնայվեր, եթե ընտրությունը լիներ բաց ու թափանցիկ»,- նշում է ՏՄՊՊՀ վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջատար մասնագետ Դավիթ Փինաչյանը։ Պետությունը այս գործընթացից կշահի, բայց արդյո՞ք դա կնվազեցնի հողօգտագործողի ծախսերը. «Ինձ թվում է այդ խնայած միջոցները, գների իջեցման արդյունքում, եթե անգամ պարարտանյութի գնի էժանացմանը չգնա, ապա բնական է այլ ծրագրեր կսուբսիդավորվեն գյուղատնտեսության զարգացման հետ կապված»,- նշեց ԳՆ բուսաբուծության եւ բույսերի  պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը: Գյուղատնտեսության  նախարարությունը տեղյակ է խնդրին: Հանձնաժողովին ներկա  պաշտոնյան, սակայն, նախապես է զգուշացնում՝ ինքը նոր է պաշտոնի անցել, նախկին մրցույթներից տեղյակ չէ: Բայց խոստանում է ՝հետագայում իրենք էլ ավելի հետեւողական կլինեն: Պետական ծրագրով աջակցություն ստացած  ընկերությունը ամեն տարի ստանում է պետական սուբսիդիա, դրամաշնորհ, համապատասխան դրամական միջոցներ տրանսպորտային ծախսերը հոգալու համար եւ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով: Բացի այդ տվյալ ընկերությունը ունենում է տարեկան երաշխավորված 30 հազար տոննայի պահանջարկ: