Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ների առաջարկները՝ «Կուսակցությունների մասին» օրենքի շուրջ

Քաղաքականություն
ffcd315d9badefc6daa07248ba9a1011

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մի շարք կարգավորումներ խնդրահարույց են կուսակցությունների ներսում ժողովրդավարական սկզբունքների ապահովման և կուսակցությունների միջև հավասար մրցակցության խթանման տեսանկյունից: Հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պետական կառավարման համակարգը ձևավորվելու է համապետական խորհրդարանական ընտրությունների միջոցով, կուսակցությունների դերը պետության քաղաքական մշակույթի ձևավորման հարցում դառնում է առանցքային: Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, սակայն, պատշաճ կերպով չի ապահովում կուսակցությունների ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ երաշխիքներ, ինչպես նաև չի նպաստում կուսակցությունների ժողովրդավարացմանը և նրանց հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանը: Հրավիրում ենք հանրության և Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետևյալ խնդիրներին և դրանցից բխող առաջարկներին.

  • Օրենքով պետք է ամրագրվի այն գաղափարախոսությունների արգելքը, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության ոգուն:
  • Նախագծի մեջ անհրաժեշտ է վերականգնել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի կուսակցություններին արգելվում է ՀՀ տարածքային ամբողջականության բռնի փոփոխության, զինված կազմավորումների ստեղծման, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքման, բռնության և պատերազմի քարոզումը:
  • Ընտրություններին կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրումը պետք է կատարվի կուսակցության համագումարում ժողովրդավարական, թափանցիկ և մասնակցային գործընթացի միջոցով: Ընդ որում, կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորություն ունենա առաջադրվելու՝ որպես կուսակցության թեկնածու, և հնարավորություն ունենա ծանոթանալու և կարծիք հայտնելու թեկնածուների ներկայացված ցուցակի վերաբերյալ:
  • Օրենքը պետք է ամբողջությամբ արգելի կանխիկ նվիրատվությունները, բոլոր նվիրատվությունները պետք է փոխանցվեն միայն այն բանկային հաշվին, որի մասին նախօրոք տեղեկացվել է կուսակցությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը:
  • Կուսակցությունները պետք է տարին երկու անգամ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և հանրությանը ներկայացնեն հաշվետվություններ ստացված նվիրատվությունների վերաբերյալ: Կուսակցության ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն նկարագրություն կատարված ծախսերի ուղղությունների և նպատակների վերաբերյալ:
  • Ներդնել պետական աջակցության տրամադրման նախընտրական համակարգ՝ խթանելու համար կուսակցությունների միջև հավասար մրցավազքը նախընտրական քարոզարշավի փուլից:
  • Կուսակցություններին տրամադրվող պետական աջակցությունը պետք է հասանելի լինի որոշակի նախապայմաններին համապատասխանող կուսակցությունների համար, որոնք, մասնավորապես՝ ունեն ժողովրդավարական կառուցվածք, խթանում են կանանց մասնակցությունը կուսակցության գործունեության մեջ, ունեն թեկնածուների առաջադրման թափանցիկ ընթացակարգ:
  • Անհրաժեշտ է ապահովել անկախ վերահսկողություն կուսակցությունների գործունեության նկատմամբ՝ համապատասխան պետական մարմնին փոխանցելով արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ ու լիազորություններ:
  • Օրենքով պետք է ամրագրել կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների կամ նվիրատվությունների (in-kind donations) վերաբերյալ կուսակցության կողմից առանձին հաշվետվություն ներկայացնելու պահանջ:
  • Օրենքով պետք է սահմանվի կուսակցության կանոնադրությունում կուսակցության գաղափարախոսությունը նշելու վերաբերյալ պահանջ:
  • Ընտրությունների համար կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները պետք է համապատասխանեն օրենքով նախատեսված որոշակի չափանիշների, որոնց կատարմանը պետք է հետևի կուսակցության ներքին վերահսկողություն իրականացնող մարմինը:
  • Օրենքով պետք է նախատեսել կուսակցության որոշումների բողոքարկման ներկուսակցական մեխանիզմ, ինչպես նաև պատշաճ կարգավորել կուսակցության անդամների կողմից կուսակցության որոշումների դատական կարգով բողոքարկումը:
  • Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներում ներդնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացվածության քվոտաներ:
  • Հստակ կարգավորել կուսակցության գործունեության արգելման կամ կասեցման հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորների 1/3 կամ 3/5 և այլն:
Հայտարարությունը բաց է միանալու Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ Հանրային տեղեկատություն և գիտելիքի կարիք ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Հանուն հավասար իրավունքների ՀԿ Խորան Արդ ՀԿ