Արտագաղթում են նաև հնարավորություն եւ կարողություն ունեցող մարդիկ. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
Հանրապետականներից ոչ մեկը համաձայն չէ, որ հակասություններ կան Հանրապետականի համագումարում Սերժ Սարգսյանի արձանագրած բարեկեցության աճի եւ բնակչության աղքատության միջեւ։ «Էն, ինչ որ հանրապետության նախագահը ասում է, ներկայացնում է, հարաբերական ցուցանիշներ է, որոնք կարծում եմ շատ տրամաբանական է»,- ասում է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Պարոն Արամյանը տեղեկացնում է, որ աղքատության ցուցանիշը հաշվարկելու մեթոդոլոգիան Համաշխարհային բանկի թելադրանքն է, դրա համար էլ աղքատության տոկոսը բարձրացել է: Տրանսֆերտներն էլ 2008-ի հարաբերությամբ 2 միլիարդից իջել է մինչեւ մոտ 1 միլիարդ. «Հարեւանների հետ համեմատության շրջանակներում դուք չեք գտնի մի հարեւան, որի որ տրանսֆերտները եղել է ՀՆԱ-ի մեջ ավելի քան 18-19 տոկոս: Հայաստանը 2001-2008 թվականներին այդպիսի տնտեսությամբ երկիր է եղել»: Հակոբ Հակոբյանը հիշում է, որ 2007-ին մեր աղքատությունը 26,8 տոկոս էր, հիմա 29,8 տոկոս: Աճը շատ չէ: Բայց պետք է նայել նրանց կողմը, ում կյանքն այս ընթացքում լավացել է։ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նշում է. «Կա մոտավորապես 900 հազար աղքատ: Մենք ունենք մոտ 2,9 միլիոն բնակչություն: Խոսքը մյուսների մասին է»: Պատգամավորը տեղեկացնում է, որ մեր հասարակության ստեղծած ամբողջ տարեկան եկամուտների 30 տոկոսը բաժին է հասնում հարուստներին, 70 տոկոսը՝ մնացածին: Պարոն Հակոբյանը գիտի, թե ինչքան դրամ է պետք, որպեսզի աղքատությունը վերանա. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում դա հաշվում է մոտավորապես 150 միլիարդ դրամ: Իսկ 150 միլիարդ դրամը որպեսզի հասնի աղքատներին, եւս կա մեկ ցուցանիշ՝ պետք է 300 միլիարդ դրամ բաժանել, որպեսզի 150 միլիարդ դրամը հասնի աղքատներին»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար բնական է, որ 8 տարվա ընթացքում աղքատության ցուցանիշը բարձրացել է 3 տոկոսով. «Տարբեր ոլորտներում կարող է բարեկեցության աճ նկատվել, բայց աղքատության ոլորտում նվազում է նկատվել, այսինքն, աճ նկատվել է 2 տոկոս, 3 տոկոս»: Սերժ Սարգսյանի իշխանության 8-րդ տարում կուսակցությունը մտադիր է անցնել գործողությունների, որպեսզի հասարակության վստահությունն իրենց հանդեպ բարձրանա. «Եվ մենք դա ոչ թե խոսքերով կամ բառերով պետք է անենք, այլ պետք է անենք գործողություններով»: Սակայն, եթե, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ բարելավվել է Հայաստանի քաղաքացու կյանքը, ինչու՞ արտագաղթի տեմպերը չեն նվազում: Պարոն Բաղդասարյանն այստեղ էլ մտահոգվելու շատ բան չունի. «Բայց ո՞վ է ասել, որ աղքատության եզրում գտնվողներն են հիմնականում արտագաղթում: Եթե դուք տարեգրությունը նայեք եւ վիճակագրությունը նայեք, բավականին նաեւ հնարավորություն եւ կարողություն ունեցող մարդիկ, որոնք որ մտածում են իրենց գումարները ներդնեն ավելի նպատակահարմար տեղերում, այդ գումարները վերարտադրվի եւ այդ գումարները տրանսֆերտների միջոցով կամ այլ միջոցներով վերադարձել են Հայաստան»: Ի դեպ, պարոն Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի ելույթը նախընտրական չի համարում: Ուղղակի համընկավ նախընտրական գործընթացների հետ: