ՀՀԿ-ականները ուրախ են ընդդիմադիր կուսակցությունների միավորման համար (տեսանյութ)
Հանրապետականները շատ ուրախ են ընդդիմադիր կուսակցությունների միավորման փորձի համար. «Էդ միավորումներն ուզում ենք, որ հարատեւ լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռանան, որ միավորված եկել են խորհրդարան»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանի կարծիքով ժողովրդի համար էլ հեշտ կլինի, կուսակցությունների անունների մեջ չեն խճճվի, որոնք Հայաստանում մոտենում են 70-ին. «Շատ անուններ արդեն չեն էլ հիշվում»։ Գագիկ Մելիքյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի կուսակցությունները ստիպված են ընտրություններին մասնակցել միավորված, որովհետեւ 5 տոկոս հաղթահարելու խնդիր ունեն. «Հակառակ պարագայում ուղղակի կիավորումը որեւէ անհրաժեշտություն չէր էլ ունենա, եթե իրենք համոզված լինեին, որ 5 տոկոսը կարող էին հաղթահարել»,- կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Փոքր քաղաքական ուժերը Հայաստանում դեռ կշարունակեն միավորվել: Հանրապետականը չի վախենում, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն եւ ընտրություններին մասնակցեն մեկ քաղաքական դաշինքով. «Նույնիսկ բոլորի մեկ կոալիցիոն խմբի մեջ միավորումը որեւէ մտավախություն չի կարող Հանրապետականի համար առաջացնել»: Հանրապետականը միանձնյա կարող է վերցնել խորհրդարանի քաղաքական մեծամասնության տեղը: Պարզապես իշխող կուսակցությունն ուզում է, որ ուժեղ փոքրամասնություն մտնի խորհրդարան: Ֆինանսական խնդիրներ, ըստ պարոն Մելիքյանի, ընդդիմությունը չի ունենա գոնե քարոզարշավին. «Տարբեր թե քաղաքացիների կողմից, թե կառույցների կողմից միջազգային, արտերկրյա ֆինանսավորումներ կան, եւ կարծում եմ, որ դա ամբողջությամբ բավարարում է լուրջ մրցակցության մեջ մտնելու համար»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հարցն այն է, որ Գագիկ Մելիքյանը չի հավատում, որ ընդդիմությունը կմիավորվի՝ գաղափարը նրանց միասնական չէ, միայն հանուն իշխանության միավորվելու գաղափարը քիչ է. «Իշխանությունը վերցնելու դեպքում ի՞նչ ենք անելու, ինչպես ենք անելու, ինչ միջոցներով եւ ումով»: Պարոն Մելիքյանը զարմանում է, երբ տեղեկանում է, որ ընդդիմությունն ուզում է իշխանությունը վերցնել, որպեսզի վերացնի Հանրապետական իշխանության բոլոր բացթողումները՝ մենաշնորհը, կոռուպցիան, ընտրակեղծիքները, ուսուցիչների հանրապետականացումը, ինչպես նաեւ բացահայտել մարտի 1-ը. «Ես չեմ ցանկանում խոսել մեր պետության սեւ էջերի մասին, ասենք բացահայտելու ենք»: Պատգամավորը համոզված է, որ ժողովուրդը նման բաներ չի ցանկանում, ժողովուրդը ցանկանում է կենսամակարդակի բարձրացում: Իսկ կոռուպցիայի դեմ ընդդիմությունը հաստատ չի պայքարի «Իսկ ո՞նց պետք ա պայքարեն, ինչո՞վ պետք ա պայքարեն»,- նշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Ի դեպ, խմբակցության քարտուղարն ասում է, որ Հանրապետականից վերջին տարիներին հեռացրել են ավելի շատ մարդ, որքան չունեն նույնիսկ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը։