«Հիմնադրամները կոռուպցիայի աղբյուր են». Արամ Մանուկյանը լքեց դահլիճը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Տարածքային կառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ կոնկրետ առաջարկներ ունի. «Օրենքում գրված Վանաձորի ու Գյումրիի քաղաքապետարանների կայքերի հասցեները պետք է հանեք միանգամից, քանի որ օրենքում չի կարելի գրել, դա օրենքի նյութ չէ: Կարող է՝ վաղը հինգ հասցե ունենան: Մի քիչ ճկուն է պետք լինել. կայքը փոխելու համար պետք է օրենքի փոփոխությամբ գաք նորից ԱԺ: Այնուհետեւ, նա անդրադարձավ հիմնադրամներին. «Դառը փորձ ունենք այդ մասով. հիմնադրամները հանեք: Օրինակ՝ Երեւանի հիմնադրամը խայտառակություն է՝ կոռուպցիայի մեծ աղբյուր է. ցանկացած մարդ, փոքր տնակ քանդելու համար, մինչեւ այդ հիմնադրամի թրի տակով չանցնի, չի կարող դա անել»: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ համամիտ չէ պատգամավորի հետ. օրինակ՝ Երեւանի կայքը գրել են օրենքում. «Կարծում եմ՝ պետք է օրենքում նշել եւ կայքը, եւ էլեկտրոնային փոստի հասցեները, որպեսզի հստակ լինի՝ ինչպիսին պետք է լինի պաշտոնական փոստի տեսքը, որպեսզի դրա միջոցով ուղարկված հաղորդագրությունները համարվեն պատշաճ ծանուցում: Հենց այն պատճառով է, որ օրենքում գրել ենք այդ մասին, որպեսզի համայնքները գայթակղություն չունենան ամիսը մեկ փոխել դրանք, ու համայնքի բնակչությունը չկարողանա համապատասխան տեղեկությունը գտնել: Ինչ վերաբերում է կայքին, ապա այն պաշտոնական կայք է, ու պետք է պաշտոնական մոտեցում լինի: Իսկ Երեւանի հիմնադրամն այդպիսին չէ, թույլ տվեք ձեր այդ կարծիքը չկիսել: Պետք չէ առաջնորդվել այն մտայնությամբ, որ կարող է վատ լինել, կարող է լինել եւ լավը»: Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով. «Հիմնադրամին փոխանցումներ անում են այն քաղաքացիները, որոնք դիմում են քաղաքապետարան՝ ինչ-որ ձեւափոխում կամ շինարարություն անելու համար, ու ստիպված գումար են մուծում այդ հիմնադրամ: Այս պարագայում ես չեմ խոսում բարերարների մասին»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը որոշեց արձագանքել նրան. «Պարոն Մանուկյան, ես գիտեմ, որ դուք չեք սիրում, երբ ձեր խոսքերին արձագանքում են, սակայն ուզում եմ ասել՝ ինչո՞ւ եք բազմաթիվ երեւանցիների անունից նման հայտարարություն անում: Անվիճելի տոնով նման հայտարարություններ երբեք չեն անում»: Այդ ընթացքում Արամ Մանուկյանը տեղից բարկացած արձագանքում էր, որ իրեն դուր չի գալիս փոխխոսնակի այդ մոտեցումը, եւ նա խոստացավ, որ մի օր էլ ինքն է արձագանքելու Հերմինե Նաղդալյանի ելույթին: Սա ասելուց հետո նա բարկացած լքեց դահլիճը: