Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում հեռուստաընկերությունները կողմնակալ են. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
svitalski

Հայաստանն ունի ազատ ինտերնետ տարածք, և մարդիկ չեն վախենում կարծիք արտահայտել։ Այլ է վիճակը դասական ԶԼՄ-ների պարագայում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մեդիադաշտում ազատ խոսքին խանգարող մի քանի գործոն է առանձնացնում. «Հայաստանում ամենամեծ խնդիրը լրատվամիջոցների կայունությունն է։ Հայաստանի նման երկրում չես կարող հավակնոտ լինել լրագրողական գործունեությունում, եթե դու ֆինանսական ռեսուրսներ չունես: Սա  ամենամեծ խնդիրն է»: Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովին մասնակցող դեսպանին չի գոհացնում հայաստանյան հեռուստատեսությունում ազատ խոսքի վիճակը։ Պարոն Սվիտալսկին այս ամառ ստիպված է եղել միայն հայկական հեռուստաալիքներ դիտել ու հասցրել է կարծիք կազմել։ «Հայկական հեռուստաալիքներում միայն ամերիկյան ֆիլմեր և քաղաքական լուրեր են: Դրանք շատ կողմնակալ են, որովհետև կան ալիքներ, որոնք ներկայացնում են իշխող կուսակցության գաղափարախոսությունը, որոշ ալիքներ ներկայացնում են ընդդիմության գաղափարախոսությունը: Այսպիսով՝ հեռուստատեսությունում բազմակարծություն է, բայց յուրաքանչյուր ալիք ունի իր քաղաքական ուղղությունը, որն այնքան ակնհայտ է, որ նրան անկախ չես համարի»,- ասում է նա։ Անտեսանելի, սակայն ազատ խոսքի միջավայրի ձևավորմանը խոչընդոտող կարևորագույն խնդիր է ինքնագրաքննությունը։ Հայաստանում դա վերաբերում է ոչ միայն լրագրողներին։ Պյոտր Սվիտալսկին նշում է. «Երեկ  դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ միջոցառմանը Սահմանադրական դատարանի նախագահը փաստեց, որ իրավական ոլորտում աշխատող մարդիկ ինքնագրաքննություն են իրականացնում: Այսպիսով՝ խոսքը անկախության մշակույթը զարգացնելու մասին է»։ ՄԻԵԴ-ն արդեն քննել ու դեռ կքննի մամուլի և խոսքի ազատության իրավունքին վերաբերող գործեր Հայաստանից։ Եվրոպական ատյանի որոշումներն ազգային օրենսդրության փոփոխության հիմք են դառնում, ինչը սակայն իրավիճակը շտկելու համար բավարար չէ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի կարծիքով՝ խնդիրը գործնական հարթությունում է. «Դրանք կարող են մնալ զուտ երաշխիքներ, եթե դրանց պրակտիկ ապահովումը չի երաշխավորվում։ Հետևաբար՝ կարծում եմ իրավակիրառ մարմինների ամենօրյա և հետևողական ջանքերի գործադրման խնդիր է»։ ՄԻԵԴ-ը խոսքի ազատության ոտնահարմանը վերաբերող տասնյակ գործեր է քննում այլ երկրներից էլ։ Ամենաաղմկահարույցը Թուրքիայից է ստացվել՝ լրագրողին դատի էին տվել բանակի մասին տեղեկատվություն հրապարակելու համար։ ՄԻԵԴ իրավաբան Միկոլաս Չերնիաուսկասն ասում է.  «Այս դեպքում ՄԻԵԴ-ը նայե՞ց՝ արդյո՞ք լրագրողի ձերբակալությունը եղել է ազգային անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտ միջոց, մեծ կարիք։ Լրագրողի ձերբակալությունը պետք է խիստ բացառիկ դեպք լինի։ Պետք է պետությունների իշխանությունները հասկանան՝ ամեն անգամ լրատվամիջոցի նկատմամբ սանկցիա կիրառելը խանգարում է օբյեկտիվ լրատվությանը»։ Համաշխարհային պրակտիկայում լրագրողների իրավունքները ամենից հաճախ խախտվում են պատերազմների, քաղաքական իրադարձությունների լուսաբանման ժամանակ։ Պետության պոզիտիվ պարտականությունն է կանխարգելել լրագրողի նկատմամբ սպասվող բռնութունը, եթե այդ մասին նա գիտի։