Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԻՐԵԼԻ ԱՌՆՈՅԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆՔ»

Մշակույթ

Հոկտեմբերի 18-22-ը Երեւանում տեղի է ունենալու երաժշտական փառատոն` նվիրված մեծանուն երաժիշտ Առնո Բաբաջանյանի ծննդյան 85- ամյակին: Հինգ օրերի ընթացքում կազմակերպվելու է գիտական կոնֆերանս, կամերային, սիմֆոնիկ եւ էստրադային համերգներ:

«Սիրելի Առնոյին պետք է նորից ու նորից մեծարենք, սիրենք նրան քանի դեռ կանք, իսկ մենք կանք միշտ»,-ասում է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը: Առնո Բաբաջանյանին ընկերներն ու մտերիմները հիշում են սիրով ու պարծանքով: Դաշնակահար Արթուր Փափազյանի հիշողություններում Առնո Բաբաջանյանը ոչ միայն հիանալի կոմպոզիտոր էր, այլեւ հիանալի մարդ ու ընկեր: «Ափսոս, ինձ բախտ չի վիճակվել նվագել նրա ստեղծագործություններից: Միգուցե այս կոնֆերանսից հետո մղում առաջանա նվագելու»,-ասում է դաշնակահարը:

Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառումների շարքը «Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Հակոբյանը բնորոշում է իբրեւ «փոքրիկ փառատոն»:

Առաջին միջոցառումը այսօր սկսված գիտաժողովն էր, որի ընթացքում ներկայացվեց շուրջ 12 զեկուցում: Նման գիտաժողով երկրորդ անգամ էր կազմակերպվում:

Զեկուցողներն իրենց ելույթներում անդրադառնում էին մեծ երաժշտի գործունեությանը տարբեր տեսանկյուններից: «Այս տարի թեմաներն ավելի ընդգրկուն են եւ չեն կրկնում նախորդ անգամ հնչած թեմաները: Նպատակը մեկն է՝ նոր լույս փռել Առնո Բաբաջանյանի այն ստեղծագործություններին, որոնք քիչ հայտնի են: Դա անհրաժեշտ է հատկապես նոր սերնդի համար: Նրանք պետք է իմանան, թե երաժշտական ինչ մեծ ժառանգություն ունեն, ինչ նմուշներ ու երաժշտական էտալոններ է թողել Առնո Բաբաջանյանը նրանց»,- ասում է ավեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը:

Փառատոնի կազմակերպիչներն էին «Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: