«Անգամ մերձավորները չմնացին Ծառուկյանի կողքին» (տեսանյութ)
«Կյանքը Լեռնային Ղարաբաղում եռում է, և այն թերությունները, որոնք բացահայտվել էին քառօրյա պատերազմի ժամանակ, ի չիք են արվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նա հաճախ է լինում Արցախում, և տեսնելով, թե ինչպես են այնտեղ ամրացվում դիրքերը, թարմացվում զինտեխնիկան, զարմանում է՝ գալով Հայաստան և լսելով այստեղի պաշտոնյաների խոսակցությունները: «Որոշ գործիչներ իշխանության դեմ պայքարը վերածել են պետականության դեմ պայքարի: ԱԺ-ից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր զինվորներին, նվաստացնում ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հերոսությունները»,-նշեց Իսագուլյանը՝ խուսափելով կոնկրետ անուններ տալ: Բանախոսն անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ նշելով, որ ցանկացած մեկի վերադարձը քաղաքական դաշտ ողջունելի է, եթե նրա պայքարը չի լինելու պետության դեմ: «Ես երբեք չեմ վախեցել ասել, որ փետրվարի 12-ի խորհրդակցությունից հետո Ծառուկյանը մնաց մենակ: Այդ օրերին ես պաշտպանում էի նրան, քանի որ անգամ իր մերձավորները չեղան նրա կողքին, երբ փոփոխությունների համար, որոնք կարող էին լինել, պետք էր պատասխանատվություն ստանձնել, իսկ Ծառուկյանը չցանկացավ, որպեսզի արյունահեղություն լինի և շատ ճիշտ արեց»: