«Նապոլեոնիզիմն ու բոնապարտիզմը քաղաքական դաշտում լուրջ շեղում են» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ Կանոնակարգ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իր ելույթում անդրադառնալով նոր փոփոխություններին, ըստ որոնց՝ խմբակցության պատգամավորը եթե այլեւս չի կիսում կուսակցության գաղափարախոսությունը, պետք է դուրս գա խմբակցությունից, նշեց. «Գաղտնիք չէ, որ ժողովուրդը ընտրում է ոչ թե նախընտրական ցուցակում ընդգրկված այս կամ այն անձին, այլ տվյալ կուսակցության լիդերին: Թե 2007թ., թե 2012թ. ընտրություններին ժողովուրդը ձայնը տվել է Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ նախընտրական ծրագրին: Ես հասկանում եմ, որ նապոլեոնիզիմն ու բոնապարտիզմը քաղաքական դաշտում լուրջ շեղում են, ու դա բացարձակ անբուժելի հիվանդությունների շարքում է ու խորանալու, անդառնալի պրոցեսի հակում ունի, սակայն միեւնույնն է՝ ընտրողը ձայնը տալիս է տվյալ կուսակցության ցուցակը գլխավորող անձին, որը կրում է այդ ուժի բրենդը, ու այդ կուսակցության ծրագրին»: Ըստ նրա՝ այն գործիչները, որոնք գտնում են, որ իրենց վեհ գաղափարները հակադրվում են տվյալ կուսակցության ծրագրին, նրանք պետք է բարի գտնվեն ու դուրս գան խմբակցությունից. «Ճիշտ է, կարող են պահել մանդատը, սակայն գոնե վայր պետք է դնեն խմբակցության ու կուսակցության կողմից ստանձնած իրենց պարտականությունները: Պատգամավորը ազատ է քվեարկել ինչպես ուզում է, սակայն մեր տեսակետը կարող ենք ազատ արտահայտել, կռվել կուսակցության, խմբակցության նիստում, սակայն երբ ընդհանուր որոշում ենք կայացնում, ապա պետք է արտահայտվի մեկ ընդհանուր դիրքորոշում»: