Հայկական դիզայներական ընկերությունը գրոհում է միջազգային շուկա (տեսանյութ)
Դիզայն ինդուստրիայի կենտրոն ստեղծելու նպատակը ամերիկահայ ճարտարապետ Վազգեն Բրուտյանին երեք տարի պահում է Հայաստանում։ «Հայաստանում մենք ունենք մեծ թվով տաղանդավոր երիտասարդներ, որ կարծում եմ դիզայնի ինդուստրիայի մեջ շատ կարողություններ ունեն։ Ինչո՞ւ, որովհետև մեր պատմությունը և մեր անցյալը ցույց են տալիս, որ մենք արվեստի ժողովուրդ ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Վազգեն Բրուտյանը։ Դիզայնով զբաղվելու գաղափարն առաջացել է ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դասավանդելիս։ Հենց իր սաների շարքերում է նա տեսել «Արդեան» ֆիրմայի ապագա գործընկերներին։ Թիմը հայկական զարդանախշերը փոխանցում է կտորների, պաստառների վրա։ «Շարֆերը մետաքս են, գունային առումով դեռ ունենք 10 տեսակ, բայց շուտով պատրաստվում ենք ունենալ նոր դիզայններ, նոր գույներ։ Վառ են գույները, տարբեր են, դրանով ուզում ենք ցույց տալ նոր սերնդի մտքի թռիչքը, նոր սերնդի էներգիան։ Գաղափարական առումով փորձում ենք հինն ու նորը խառնել իրար»,- ասում է «Արդեան»-ի աշխատակից Մանե Գևորգյանը։ Հայաստանում հնարավոր չէ ապահովել արտադրական տեխնոլոգիան, այդ պատճառով էլ «Արդեան»-ն ստիպված է ապրանքներն արտադրել դրսում ու ներկրել։ «Արտադրության որակի խնդիր կա այստեղ, դրա համար արտադրությունը կտորեղենի հատվածով դեռ Հայաստանում չի իրականացվում»։ Ընկերությունը փորձում է գնալ իտալական, ֆրանսիական հանրահայտ բրենդների ճանապարհով և նորաձևության միջոցով միջազգայնացնել ազգային մշակույթը։ «Դուք տեսնում եք ճարտարապետությունից վերցված զարդանախշեր, որոնք բերել ու փոփոխության ենք ենթարկել։ Կողքը տեսնում եք Նարեկացու «Մատյան ողբերգությունից» գրություններ՝ 21-րդ դարի լեզվի մեջ»։ Վազգեն Բրուտյանը չի կիսում տեսակետը, թե միջազգային շուկան չի հասկանա հայկական ազգային արվեստը։ Պատկերների ու գաղափարների խնդիր չեն ունենում։ «Հայաստանը բաց թանգարան է և կարելի է գնալ, լուսանկարել, տեսնել կպչել մեր խաչքարերը, մեր ճարտարապետությունը, մանրանկարչությունը։ Այս դիզայնի մեջ դուք տեսնում եք հայկական ասեղնագործությունը, գորգերից մասնիկներ և մանրանկարչությունից մասնիկներ»։ Դեռևս 6 ամսվա արտադրական պատմություն ունեցող Արդեանն արդեն մտածում է բրենդային խանութ ունենալու մասին։ Մանե Գևորգյանի պնդմամբ՝ իրենք նախ մտածոմ էին, որ սփյուռքահայերը կլինեն իրենց արտադրանքի սպառողը, սակայն աննախադեպ է եղել հայաստանցիների հետաքրքրությունն աշխատանքների նկատմամբ։ «Գուցե պատճառն այն է, որ ունենք գեղեցիկ փաթեթավորում։ Յուրաքանչյուր արտադրանքի հետ իրենց մասին ներակյացնող գրություններ ունենք, որով փոխանցում ենք՝ զարդանախշը, թե ինչ է նշանակում կամ ներկայացված է տվյալ արտադրանքի պատմությունը»։ «Արդեան» ընկերությունն արդեն հասցրել է դիզայներական լուծումներով ներկայանալ կարևոր միջոցառումներին՝ ձևավորելով «Հոգիս» երաժշտական միջոցառման բեմը, մասնակցելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։