Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մշակույթ

Վիրահայոց թեմը, հետեւելով հին տոմարին, Թարգմանչաց տոնը նշեց հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը` 21-ին: Առավոտյան Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում, ի հիշատակ Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն մերոց` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դավիթ Անհաղթ փիլիսոփային, Գրիգոր Նարեկացու եւ Ներսիսի Կլայեցուն մատուցվեց սուրբ պատարագ: Պատարագիչն էր` Բաթումիի եւ Աջարիայի հայության հոգեւոր հովիվ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը: Հայր Սուրբն իր քարոզում շեշտեց հայոց լեզվի, դպրության եւ մշակույթի պահպանումը, մանավանդ Մայր Հայրենիքից դուրս: Սուրբ պատարագին մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը , Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բարբուրթյանը եւ համայնքային , գրական եւ հասարակական գործիչներ : Սուրբ պատարագի ավարտին , հոգեւոր դասի առաջնորդությամբ , հավատացյալ ժողովուրդը , մշակույթի գործիչների ու հայկական դպրոցների սաների եւ ուսուցիչների հետ, բարձրացավ Թբիլիսիի Հայ Մշակույթի Գործիչների պանթեոն, որտեղ հանգչում են 18-20-րդ դարերի հայ մեծանուն մտավորականներ ու ազգային- հասարակական գործիչներ: Թիֆլիսի նախկին Խոջիվանքի գերեզմանատունը 1938 թ-ին ավերվեց Բերիայի հրամանով եւ վերածվեց "Բարեկամություն" զբոսայգու, որի արեւելյան անկյունում, Րաֆֆու մահարձանի շուրջ ստեղծվեց Հայ Մշակույթի Գործիչների պանթեոնը: Վիրահայոց թեմի առաջնորդ` Գերշ. Կ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Պանթեոնում կայացավ հոգեհանգստյան արարողություն: Շնորհավորական եւ ողջույնի խոսքերով հանդես եկան թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոսը, Վրաստանում ՀՀ արտակարg եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը: Բանախոսները ցանկություն հայտնեցին, որ սույն միջոցառումը դառնա ավանդական եւ յուրաքանչյուր Թարգմանչաց տոնին հայությունը ուխտավորի պես բարձրանա Պանթեոն: Նշենք, որ թարգմանչած տոնակատարության մեծաշուք հանդիսության սկիզբը Թբիլիսիում դրվեց 2005 թ-ից` հայոց գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարությունների շրջանակում: