Ֆիլհարմոնիկի երաժիշտները բնակարաններ կստանան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի կոնցերտմայստեր Կարեն Սարգսյանը, գալարափողահար Արթուր Հովհաննիսյանը, թավջութակահար Վահե Դանիելյանը բնակարաններ կստանան: Երեւանի ավագանու դեկտեմբերի 21-ին կայանալիք նիստի օրակարգում նման հարցեր են ընդգրկված: Նախատեսվում է նրանց բնակարաններ հատկացնել Երեւան համայնքի սեփականությունն համարվող Սիսակյան փողոցում գտնվող շենքից: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների բնակարանային պայմաններն ապահովելու նպատակով միջնորդություն է ներկայացրել նաև Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Բնակարանները երաժիշտներին տրամադրվելու են անհատույց սեփականության իրավունքով: Նույն շենքից բնակարան կտրամադրվի նաեւ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ` Մկրտիչ Մկրտչյանին։ Նա իր 5 երեխաների հետ ապրում է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ բնակության համար ոչ պիտանի պայմաններում: Ըստ տեղեկանք-հիմնավորման՝ Մկրտիչ Մկրտչյանը 1990 թվականից կամավոր անդամագրվել է արցախյան շարժմանը՝ ակտիվ մասնակցություն ունենալով Հայաստանի և Արցախի սահմաններում մղվող ռազմական գործողություններին, սկզբում Թաթուլ Կրպեյանի ջոկատում, այնուհետև ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի Շուշիի առանձնակի գումարտակի կազմում: Միաժամանակ այն բացառիկ նվիրյալներից է, ով ամեն տարի Հայաստանում եւ Արցախում հանդես է գալիս համերգներով՝ ազգագրական երգի գաղափարները տարածելով հայ երիտասարդների շրջանում, նրանց մեջ սերմանելով բարոյական, հայրենասիրական ոգի, ինչը կարևորագույն դեր և նշանակություն ունի ազգային գաղափարախոսության պահպանման և զարգացման գործում: