Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաջ մարդու ելույթ. քաղաքական ուժերը` Տեր-Պետրոսյանի ելույթի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
9aO6We6i1hk

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար Լեւոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթը քաջ մարդու ելույթ էր՝ նա գիտի, որ հասարակության 99 տոկոսն իր հետ համաձայն չէ. «Այս մեսիջներով այս օրակարգով գնալ խորհրդարանական ընտրությունների, նշանակում է ուղղակի վտանգի տակ դնել ՀԱԿ-ին»: Շաբաթ օրվա ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ ասել, որ մեր բոլոր խնդիրների լուծումը կախված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից. «Այսօր բանակցությունների սեղանին դրված է կարգավորման եւ փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 97 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելուն, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը, երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Սա է, ուրիշ բան չկա, ոչ մի հեքիաթի չհավատաք»: Տիկին Զոհրաբյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի շատ մտքերի հետ համաձայն չէ, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության: Բայց հատկապես չի պատկերացնում, թե ինչպես է Իլհամ Ալիեւը ռացիոնալ մտածող գործիչ. «Ես Ալիեւին տեսել եմ եւ Բաքվում Միլի Մեջլիսում, որտեղ ինքը բացարձակապես ցնդաբանություններ էր դուրս տալիս եւ Ստրասբուրգում, որտեղ ինքն ավելի անադեկվատ էր»: Բարգավաճ Հայաստանը կողմնակից է հակամարտության կարգավորման բաց երկխոսությանը եւ հատկապես լուծման մասին Արցախի ժողովրդի դիրքորոշումը հաշվի առնելուն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խոսնակը հենց նույն օրը ելույթից անմիջապես հետո հրապարակեց սոց հարցում, որին ծանոթ ենք բոլորս՝ ԼՂ բնակչության 99,7 տոկոսը դեմ է տարածքները հանձնելուն անգամ կարգավիճակի դիմաց»: Տիկին Զոհրաբյանը չգիտի, թե այսօր ինչ են քննարկում Ալիեւն ու Սարգսյանը բանակցությունների ժամանակ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չգիտի,-ասում է հանրապետական Արտակ Զաքարյանը. «Ելույթը քաղաքական ելույթ էր, ինչը չի նշանակում, որ մենք գործ ունենք վերին աստիճանի ճշմարտության հետ»: Այնուամենայնիվ, պարոն Զախարյանը դժվարանում է ասել՝ հակամարտության լուծման մասով կա՞ն հակասություններ իր կուսակցության առաջնորդի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների միջեւ. «Հակասությունը նա է, որ ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք նոր իրավիճակ»: Պարոն Զախարյանը դժվարանում է համաձայնվել բանակցություններին չմասնակցող առաջին նախագահի այն դիրքորոշման հետ, որ բանակցությունների սեղանին դրված է 1997-ի տարբերակը. «97 թվի տարբերակը իմ պատկերացմամբ նաեւ բավական մշակումներ է եղել եւ ապրիլյան պատերազմից հետո կարող են շատ տարբերակներ կարող են վերանայվել»: Այնուամենայնիվ, ըստ նրա, ինքը հակված չէ կարծելու, որ Տեր-Պետրոսյանի երազանքն է տարածքներ զիջելը, պարզապես մարտավարական առումով նա մի քիչ այլ կերպ է տեսնում լուծումը: Եվ որպես բանակցություններին չմասնակցող ազատ է իր դիրքորոշումներում: