Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրաստանից ապօրինի դեղերի հոսքը ահռելի չափերի է հասել». Ս. Զաքարյան (տեսանյութ)

Հասարակություն
dexer-1

«Դեղերի մասին նոր օրենքում դեղերի ներմուծման կարգերը դեռ հաստատված չեն, այդ առումով անհանգստություններ ունենք, մնացած մասով օրենքը դրական է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը: «Ի տարբերություն հնի, նոր օրենքն ավելի արդիական է, ունի բոլոր դրույթները, որոնք ընդունված են միջազգային մակարդակով: Հիմնական խնդիրը ներմուծման հետ կապված կարգերն են, մենք չգիտենք, թե ինչ կարգի պետք է սպասել»,-նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ այդ կարգերը պետք է նույնը լինեն ԵՏՄ  անդամ պետությունների համար։ Անդրադառնալով կեղծ դեղերի շրջանառությանը, պարոն Զաքարյանը հայտարարեց, թե Հայաստանում կեղծ դեղեր չկան. «Կան ապօրինի ներմուծված, հիմնականում՝ Վրաստանից, և չգրանցված դեղեր, որոնց հոսքը գնալով ահռելի չափերի է հասնում: Բայց կավիճ, թույն և այլ աղբ Հայաստանում չկա և չի եղել: Խոսքը միայն ապօրինի ներմուծված դեղերի մասին է: Ապօրինի չի նշանակում, որ մեջը կավիճ է և այլն, այլ դրանք դեղեր են, որոնք գրանցված չեն Հայաստանում»: Հարցին, թե նոր օրենքը ինչպես է ազդում դեղերի ապօրինի ներմուծման վրա, Սամվել Զաքարյանը նշեց, թե հին օրենքով էլ էր այդ հարցը կարգավորվում, սակայն պայքարն է անարդյունավետ. «Նույն Վրաստանից ներմուծված ապօրինի դեղերի մասով տարիներ շարունակ ահազանգել ենք։ Եթե օրենքը պետք է մնա թղթի վրա միայն...»,-ասաց բանախոսը։ Ինչ վերաբերում է նոր օրենքի այն դրույթին, թե առանց բժշկի դեղատոմսի դեղեր չեն վաճառվի, ապա, Սամվել Զաքարյանի խոսքով, հին օրենքը նույնպես դա արգելում էր. «Պարզապես ավելի խստացվել է, տուգանքների չափերն են ավելացել»,-նշեց նա՝ հավելելով, որ օրենքով չի թույլատրվում նաև հատով դեղ վաճառել,  բայց քաղաքացիների սոցիալական վիճակից  ելնելով՝ դրա վրա աչք են փակում։