P. S. ռետրո. Էդ. Աղաջանով. «Մենք դառնալու ենք աբորիգենների սպառման մակարդակի մի երկիր»
2001-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը փոթորկում էր Արմենթելի նորամուծությունը՝ քաղաքային հեռախոսով խոսելու մեկ րոպեն արժենալու է 8 դրամ: Մինչ այդ Հայաստանում րոպեավճար չկար, կար ամսական վարձ։ Բոլորը շունչները պահած սպասում էին քաղաքային հեռախոսավարձերին՝ այսինքն, նախկին 900 դրամի փոխարեն ամսեկան 4 հազար դրամ, ամսեկան 48 հազար դրամ։ Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը հարց է ուղղում. «Հիմա դուք ասեք՝ Հայաստանում քանի՞ տոկոս ընտանիքը ի վիճակի կլինի տարեկան 40 հազար դրամ մուծի Արմենթելին: Պարզ է, որ չնչին»: Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը հաշվարկել է եւ հասկացել, որ առանց այն էլ խղճուկ տնտեսությունը զրկվում է 19 միլիարդ դրամից, որը կարող էր ավելի արտադրողական նպատակներով ծախսել. «19 միլիարդ դրամ պետք է դուրս գա էկանոմիկայի մյուս սեգմենտներից, այսինքն, 19 միլիարդ դրամ մեր բնակչությունն ավելի քիչ է գնելու մակարոն, վերմիշել»: Արմենթելը գրոհել է մեր տնտեսություն, քանի որ առանց այն էլ մշակույթին վերաբերող մեր ծախսերը 0,1 տոկոս են, նույնքան են հանգստի եւ մարզվելու համար արվող ծախսերը. «Մենք դառնալու ենք մի աբորիգենների սպառման մակարդակի մի երկիր»: Այդ տարիներին Հայաստանում Արմենթելն ուներ կապի ապահովման մենաշնորհ: Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը սակայն հայտարարում է, որ թույլ չի տալու, որպեսզի րոպեավճար կիրառվի. «Եթե կառավարությունն իր վրա վերցրել է այդպիսի միսիա, եւ կտրուկ դնում է այդպիսի հարցեր, եթե չանի, պետք է կառավարությունը պետք է հրաժարական տա»: Մի քանի օր առաջ էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, որ մեկ տարվա ընթացքում ստեղծելու է 40 հազար աշխատատեղ: Տնտեսագետը չի հավատում՝ նախ անհրաժեշտ է 200 միլիոն դրամի ներդրում, որը չկա ու չի երեւում, երկրորդ, 21 հազար դրամանոց միջին աշխատավարձ ունեցող երկրում դա նշանակում է 800 միլիոն դրամի պահանջարկ, որն էլ բերելու է սպառման աճին: Երրորդ, պետք է աշխատի մի քանի խոշոր կամ միջին գործարան, որը պետք է մուծի բազմաթիվ հարկեր: Այս ամենը պետք է բերեր բյուջեի օրենքի փոփոխության. «Պաշտոնական տվյալներով Հայաստանում կա 160-170 հազար գործազուրկ: 40 հազար նշանակում է 25 տոկոսով պակասացնել: Այդպիսի սուպերպետություն ես չեմ տեսել»: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ խոսում էր տնտեսական աճերի մասին: Էդուարդ Աղաջանյանը չէր հասկանում՝ այդ ի՞նչ աճեր են, եթե կյանքի որակը չի փոխվում. «Կոնկրետ ինչի՞ աճ՝ գարեջրի արտադրությա՞ն աճ, ծխախոտի՞ աճ: Դա որակ չի: -Իսկ ո՞րն ա որակը: -Որակն այն է, եթե դուք տալիս եք բարձր տեխնոլոգիաների արտադրանք, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հարց: Բայց եթե դուք տալիս եք վերմիշելի արտադրություն, ծխախոտի, խմիչքի, Վեդի Ալկոյի, Ավշարի, դա ի՞նչ որակ ա: Ամոթ ա դրա մասին խոսել»: Էդուարդ Աղաջանովը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կազմում 3 տարի զբաղեցրել է Վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարի պաշտոնը: Նա մահացավ պաշտոնանկ լինելուց 10 տարի հետո՝ 2008-ի մայիսին: