Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդասպանն ունեցե՞լ է թուրքական անվտանգության մարմինների աջակցությունը

Քաղաքականություն
mardaspan-nkar

Մեծ է հավանականությունը, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը կապված է Սիրիայում վերջին շրջանի իրադարձությունների հետ։ «Իսլամական հետքը ավելի տրամաբանված է՝ Հալեպում սիրիական կառավարական ուժերի և Ռուսաստանի հաջողությւոնների հետ, ինչը բացասական անդրադարձ է գտել Թուրքիայի այն հատվածում, որը  պաշտպանում էր հակադիր կողմը»,-ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։ Չի բացառվում նաև Ալ Նուսրա իսլամական ճակատի մասնակցությունը դիվանագետի սպանությանը։ Այսօր էլ թուրքական իշխանական ԶԼՄ-ները շրջանառության մեջ են դրել թեզ, ըստ որի՝ սպանության հետևում կանգնած են ԱՄՆ-ում բնակություն հատատած, ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները։ Այժմ սակայն որևէ վարկածը հիմնավորող փաստեր չկան։ «Մինչև հասնել, թե ով էր կանգնած և այլն՝ շատ առաջնային և կարևոր հարց է, թե սա ինչպես թույլ տրվեց։ Սա թուրքական և ռուսական համապատասխան մարմինների շատ լուրջ ձախողումն էր»։ Հատկանշական է, որ սպանության հեղինակ 22-ամյա նախկին ոստիկանը Անկարայի ժամանակակից արվեստի թանգարան է մտել ոստիկանական փաստաթղթով։ Սա որոշ վերլուծաբանների հիմք է տվել ասելու, որ մարդասպանն ունեցել է թուրքական անվտանգության մարմինների աջակցությունը։ Սակայն թուրքագետի համոզմամբ՝ Էրդողանի իշխանությունը հազիվ թե ուզենար լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Ռուս-թուրքական հարաբերությւոնները, որոնք դրական զարգացման միտում ունեն, ցնցումների կարիք ամենևին չունեն և դա ընդհանրապես Թւրքիայի շահերից չէր բխում», ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։ Դեսպանի սպանությամբ Թուրքիային ու Ռուսաստանին իրար դեմ հանելու հնարավոր սցենարի մասին է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոստանալով տալ արժանի հակահարված։ Թուրքական կառավարությունն իր հերթին խոստացել է ամեն ինչ անել կատարվածի պատվիրատուներին բացահայտելու համար։ Դեսպան Ալեքսեյ Կառլովի սպանությունն ահաբեկչություն է որակել ՄԱԿ-ը, միջազգային կառույցներ, պետությունների ղեկավարներ դատապարտել են տեղի ունեցածը։ Դեկտեմբերի 19-ը արյունահեղությունների օր էր Գերմանիայում և Շվեյցարիայում։ Բեռլինի կենտրոնում բեռնատարը մխրճվել է Սուրբ ծննդյան տոնավաճառի բազմության մեջ։ Զոհվել է 12, վիրավորվել 48 անձ։ 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կանցլեր Անգելա Մերկելը միջադեպն ահաբեկչություն է որակել,խոստանալով մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ։  Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում էլ անհայտ անձը կրակ է բացել քաղաքի կենտրոնում գտնվող մահմեդական աղոթատեղիում։ Ահաբեկչության հետևանքով երեք տղամարդ վիրավորվել և հոսպիտալացվել է: Հայաստանցիները միացել են Եվրոպայում և Թուրքիայում ահաբեկչության զոհերին ոգեկոչողներին։ Քաղաքացիները Հայաստանում Գերմանիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև մոմեր են վառել և ծաղիկներ խոնարհել։