A
A
ՀԱԿ-ը ներկայացնում է առաջնահերթությունները
Հայ ազգային կոնգրեսի 2-րդ (20-րդ) համագումարի ԲԱՆԱՁԵՎ
- Գործունեության արդյունքները
- 2011 թվականի հոկտեմբերյան հանրահավաքների ժամանակ սկիզբ առած՝ ոչ իշխանական ուժերի համախմբման եւ իշխող կուսակցության քաղաքական մեկուսացման մարտավարության վրա հիմնված գործընթացը արդյունավետորեն շարունակվեց մինչեւ 2015 թվականի սկիզբը։
- 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, չնայած իշխանության կատարած համատարած ընտրակեղծիքներին, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, թեկուզ փոքրաթիվ խմբակցությամբ, կարողացավ մտնել խորհրդարան։
- Ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») հետ համագործակցությունը հատկապես արդյունավետ եղավ խորհրդարանական հարթակում։ Առաջին անգամ իշխող կուսակցությունը լուրջ դժվարություններ ունեցավ որոշումների անցկացման հարցում, հակառակ նրա կամքի՝ խորհրդարանական քննարկման մտան հասարակական հնչեղություն ունեցող մի ամբողջ շարք հարցեր։
- 2014 թվականի մարտի 1-ի հանրահավաքում Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «Հրաշալի քառյակ» կոչված քաղաքական ուժերի համագործակցության համատեղ ճնշումների հետեւանքով հնարավոր եղավ հասնել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին։
- Հասարակական լայն արձագանք գտան Քառյակի «12 պահանջները», որոնց, թեկուզ մասամբ, իշխանությունն ստիպված էր բավարարում տալ։
- Երբ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների առիթով ՀՅԴ-ն լքեց Քառյակը, Կոնգրեսը, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հետ միասին, անցավ ամենաակտիվ գործողությունների՝ նպատակ ունենալով դիմադրել իշխանության վերարտադրմանն ուղղված սահմանադրական փոփոխություններին եւ արտահերթ ընտրությունների միջոցով հասնելու ամբողջական իշխանափոխության։
- 2014 թվականի հոկտեմբերի 10-ի եւ 24-ի համատեղ զանգվածային հանրահավաքները, հասարակական սպասումների խիստ նպաստավոր մթնոլորտում, շարունակություն ունենալու դեպքում արդեն կարող էին իշխանափոխության հարց լուծել։ Դա տեղի չունեցավ Հայ ազգային կոնգրեսից դուրս պատճառներով։
- Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ քաղաքացիական հասարակության հետ համատեղ, 2015 թվականի ընթացքում ամենալայն զանգվածներին կարողացավ ներկայացնել սահմանադրությունը փոխելու իրական նպատակները եւ անխուսափելի բացասական հետեւանքները։ Հանրաքվեում հաջողվեց հասնել «ՈՉ»-ի փաստական հաղթանակին, սակայն հանրաքվեի արդյունքները կեղծվեցին վարչախմբի կողմից։
- Հայ ազգային կոնգրեսին հաջողվեց համախմբել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը Ընտրական օրենսգրքի փոփոխության միասնական պահանջների շուրջ։ Կոնգրեսի նախաձեռնությամբ եւ ակտիվ դերակատարմամբ, ընդգրկելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը, 2016 թվականին 4+4+4 ձեւաչափով տեւական քննարկումներ սկսվեցին՝ ընտրական օրենսգրքում կատարելու համար փոփոխություններ, որոնք հնարավորինս կփակեն ընտրակեղծիքների սողանցքները։ Հետեւողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ստանալ նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների եւ միջազգային դեմոկրատական հանրության առանցքային դերակատարների աջակցությունը։ Ընտրական օրենսգրքում հնարավոր եղավ արձանագրել ընտրակեղծարարության կանխարգելիչ կարեւորագույն դրույթներ՝ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը, ինչը տարիներ ի վեր չէր հաջողվում ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաեւ բոլոր ընտրատեղամասերից քվեարկության ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը։
- Ինչպես միշտ, հաշվետու ժամանակամիջոցում եւս Հայ ազգային կոնգրեսն արտաքին վտանգի կամ դրա իրական սպառնալիքի դեպքում վճռականորեն կանգնած է եղել ազգային շահերի պաշտպանության դիրքերում։ Այս առումով՝ վերջին Ապրիլյան պատերազմում Կոնգրեսի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն ու գործողությունները վճռորոշ դեր խաղացին ներքաղաքական կայունության, արտաքին վտանգի դեմ համազգային համախմբման ապահովման գործում։
- Հայ ազգային կոնգրեսը, մնալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու դիրքերում՝ վճռորոշ պահերին ամեն ինչ արել է հայկական կողմի դիրքերի ուժեղացման համար։
- Ներքաղաքական իրավիճակը եւ Կոնգրեսի առաջիկա խնդիրները
- Յուրաքանչյուրին հասցնել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների գերկարեւոր, ճակատագրական նշանակությունը հայկական պետականության եւ Հայաստանի ժողովրդի համար։
- Առավելագույնս քաղաքականացնել եւ ակտիվացնել հասարակական մթնոլորտը, հասարակությանը ներգրավել ընտրախախտումների կանխման գործում, ընտրողին տալ հիմնավոր ու համոզիչ կողմնորոշիչներ՝ չխաբվելու եւ իր շահերից բխող ընտրություն կատարելու համար։
- Համախմբել առողջ, ազգային շահերից բխող մտածելակերպ ունեցող քաղաքական կառույցների, հասարակական կազմակերպությունների, գործարարների, մտավորականների, այլ անհատների ուժերը՝ իշխանափոխության հասնելու եւ օրինակարգ քաղաքական իշխանություն հաստատելու համար։
- Հայ ազգային կոնգրեսի նախընտրական պլատֆորմի առանցքային դրույթներ
- Վերականգնել նախագահական-խորհրդարանական կառավարման մոդելը եւ ժողովրդի կողմից նախագահի ուղիղ ընտրությունը:
- Բացահայտել Մարտի 1-ի գործը եւ պատժել բոլոր մեղավորներին, պետական հատուցում տալ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, պետության կողմից ապօրինի բռնությունների ենթարկված բոլոր քաղաքացիներին։ Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր։
- Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից դարձնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ՝գույքահարկ եւ մաքսատուրք): Շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը սահմանել 15 տոկոս:
- Ներմուծվող արտադրանքների մաքսատուրքերը սահմանել բացառապես հաշիվ-ապրանքագրում /ինվոյսում/ նշված գնի հիման վրա։ Ինվոյսի կեղծ լինելու ապացույցը բացառապես պետության բեռն է:
- Ներդրումների խրախուսման նպատակով 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումները՝ 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրումները՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։
- Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության արդյունքում:
- Ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհներին և օլիգոպոլիաներին դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ սահմանել որեւէ ընկերության համար առավելագույնը 33 տոկոսի շեմ շուկայում նրա ունեցած մասնաբաժնի համար։ Սահամանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով:
- Վարել դրամավարկային քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
- Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:
- Ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար կատարել վարկային համաներում, գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների զրոյացում, գյուղացիական տնտեսության վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում: Բանկերից ձեռք բերել մինչև 3 մլն դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
- Մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի /55000 դրամ/: 3 տարվա մեջ նվազագույն թոշակը բարձրացնել սպառողական զամբյուղի մակարդակի: 5տարվա մեջ կենսաթոշակների միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 40% չափի:
- Զգալիորեն բարձրացնել պայմանագրային զինծառայողների, սպաների եւ ենթասպաների աշխատավարձը։
- ԽՍՀՄ խնայբանկի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմս և դրանք մարել 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ։