«ԼՂ հիմնախնդրի լուծմանը կողմերը պատրաստ չեն» (տեսանյութ)
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ժողովուրդն ու բանակը պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,- խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ անցնող տարում հայտնի դարձավ կարևոր մեկ հանգամանք՝ Ռուսաստանը ցանկանում է ճնշել Հայաստանին, նրանից զիջումներ ստանալ Արցախի հարցում Ադրբեջանին հաճոյանալու, և նրան ԵՏՄ մտցնելու նպատակով: Արդյո՞ք Ադրբեջանը կարողացավ լուծել իր առջև դրած խնդիրը՝ ապրիլին Հայաստանի դեմ պատերազմ սկսելով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի պատասխանը բացասական է, սակայն մենք ունեցանք ինքներս մեզ այլ աչքով նայելու հնարավորություն. «Մեզ համար կան դասեր, որոնցից պետք է հետևություններ անենք: Մենք պետք է կարողանանք զարկ տալ ռազմարդյունաբերությանը: Առաջին գծում ունեինք խնդիրներ, որոնք հիմա փորձում են լուծել: Կոռուպցիան, որ կա բանակում, անթույլատրելի է: Եթե մեղավորները չպատժվեն, առաջ չենք գնա»: Ըստ նրա՝ եթե միջազգային հանրությունն ու Ադրբեջանը փորձեն մտածել, թե Հայաստանը ժամանակի ընթացքում կթուլանա ու կգնա զիջումների, կսխալվեն. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը միշտ է պատրաստ պաշտպանել իր հողը»: Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանին պատերազմ սկսելուց հետ է պահում միտքը, որ հայկական կողմն իրենից թույլ չէ: 2016 թիվն անկյունաքարային է համարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով՝ մինչև այս Ադրբեջանն իմիտացիա էր անում, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել, սակայն ապրիլյան պատերազմը հակառակն ապացուցեց, ու դա տեսավ նաև միջազգային հանրությունը: Ապրիլյան պատերազմի ժամանակ դաշնակից համարվող Ռուսաստանը մենակ թողեց Հայաստանին: Պարոն Թորոսյանի վստահեցմամբ՝ չեն լինում մշտական դաշնակիցներ, դաշնակիցները համագործակցում են ինչ-որ խնդիրների շուրջ, այլ ոչ բոլոր դեպքերում. «Մենք ինքներս մեզ վրա պետք է հույսներս դնենք: Պետք է համախմբվենք ու ուժեղանանք՝ լրացնելով այն թերությունները, որ առկա են»: Հայաստանն ու Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում պայմանավորվեցին շփման գծում հետաքննության մեխանիզմ ներդնել, սակայն դա տեղի չունեցավ: «Մինչ այս Հայաստանի իշխանությունները կարծում էին, որ կարող են մինչև վերջ ստատուս քվոն պահել: Բայց հասկանում ենք, որ չի ավարտվել այս խնդիրը»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը. Սեպտեմբերին Հանրապետության հրապարակում ցուցադրված զենքերի տեսականին նրան հիմք է տվել կարծելու, որ Հայաստանն էլ է հույսը դրել խնդիրը զենքով լուծելու վրա: Մոտ ապագայում Արցախի հարցի լուծում չի սպասում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը. «Լուծման առաջին հերթին կողմերը պատրաստ չեն»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը բացասական է գնահատում հանգամանքը, որ այս պահին փաստացի բանակցություններ չկա Արցախի հարցի շուրջ: Այս համատեքստում նա շեշտը դնում է մեկ հանգամանքի վրա. «Իշխանությունը Ղարաբաղի բեռը ինչ-որ չափով փորձում է գցել ժողովրդի վրա: Ասում են, որ սպասվում են վատ օրեր»: Նրա գնահատմամբ, ի տարբերություն հասարակության, իշխանության մոտ չկա պետականամետություն: