Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ լրագրողները՝ «դեյվիդ կոպերֆիլդներ» (տեսանյութ)

Հասարակություն
lragroxner

«2016 թվականը խոսքի ազատության առումով նահանջի տարի էր Հայաստանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումներին, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Կոմիտեի տվյալներով՝ 2016-ը լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թվով գերազանցեց 2015 թվականը. «Նման պայմաններում լրագրողները չեն կարող ազատ գործել, իսկ վերջին միջադեպը Ազգային ժողովում ցույց տվեց, որ ոչ միայն էքստերմալ պայմաններում, այլ հենց ԱԺ-ում լրագրողը կարող է ֆիզիկական բռնության ենթարկվել»,-նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ առաջիկայում հայաստանյան լրատվամիջոցներին նոր դժվարություններ են սպասվում՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ. «Մեր երկրում որևէ ընտրություն լրագրողների համար բարենպաստ պայմաններում չի անցել։ Բացի այդ, լրագրողների գործը կարող է բարդանալ ընտրական նոր օրենսգրքի պատճառով, քանի որ այն դրույթը, որը կարգավորում է լրագրողների աշխատանքը, ավելի վատն է դարձել, քան նախորդ ԸՕ համապատասխան դրույթը»։ Հանդիպմանը ներկա՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրագրողները ստիպված են զգույշ գործել. «Հայաստանի լրատվամիջոցներին դրել են Դեյվիդ Կոպերֆիլդի վիճակում, երբ նրան դնում են մետաղյա արկղի մեջ, շղթաներով փաթաթում, թաղում հողի մեջ և ասում՝ դուրս արի։ Մոտավորապես սա է անկախ Հայաստանի լրատվամիջոցների ճակատագիրը»։