Վարչապետը հանձնարարել է վերանայել վիզաների հայեցակարգը (տեսանյութ)
Մինչեւ տարեվերջ պետք է ամփոփվեն վարչապետի տված բոլոր հանձնարարականները. այսօր կառավարության նիստից առաջ այսպիսի հանձնարարական տվեց Կարեն Կարապետյանը: Անցնելով նոր հանձնարարականներին՝ Կարեն Կարապետյանը դիմելով նախարարին ասաց, որ պետք է պատրաստեն ու ներկայացնեն 2017 թվականի ծրագրերն ու գերակա խնդիրները. «Ներկայացրեք դրանք կոնկրետ նշելով պատասխանատուներին՝ գերատեսչության պաշտոնյանների մակարդակով»։ Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը. «Պարոն Լոքյան, ավարտեք մարզերի անձնագրի ձեւավորումը, որտեղ մենք ֆիքսում ենք բոլոր ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզերը, կոորդինացրեք մարզպետների հետ աշխատանքները: Հանձնարարեք բոլոր մարզպետներին վերլուծել իրենց բյուջեն, անել համեմատականներ ու ներկայացնել դրանք»: ԱԳՆ-ին էլ Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերանայել վիզաների հայեցակարգը. «Մեզ զբոսաշրջության կոմիտեն տվել է առաջարկություններ վիզաների հայեցակարգի վերաբերյալ, խնդրում եմ քննարկեք այդ հարցերը ու լուծում տվեք դրան: Համեմատեք մեր հարեւան պետությունների վիզաների հայեցակարգի հետ»: