Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը 16 հարկատեսակը կդարձնի 6 (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM88441

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ նախորդ արտահերթ նիստին հսկայական գործ են արել. «Ու հիմա՝ այդքանից հետո, ափալ-թափալ նորից կանչում են արտահերթ նստաշրջանին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընդհանրապես մեզ հրավիրել:Սա պետք է նայել ավելի լայն կոնտեքստում: Կարող է շատերիդ համար նորություն լինի, սակայն տասնմեկ ամսվա կտրվածքով ունեցել ենք 0.6 տոկոս տնտեսական աճ: Սա աննախադեպ արդյունք էր՝ տարին ավարտում ենք համարյա զրոյական աճով: Այսօր քննարկելու ենք երեք վարկային պայմանագիր, որով 180 մլն դոլարով ավելանալու է մեր պետական պարտքը: Վարկերից երկուսը ուղղված են բյուջեի խնդիրների լուծմանը, այսինքն՝ որտեղ ծակ ունենք, այդ վարկերով ենք փակելու: Պարզ հարց է ծագում՝ ի՞նչ ենք մենք անում, ո՞րն է այս իշխանությունների կոնցեպցիան՝ ունենք զրոյական աճ, վերցնում ենք այդքան պարտք: Այս կառավարությունն ունի՞ պատկերացում՝ ի՞նչ ենք անելու: Կա միայն օրվա հացը լուծելու մտայնություն, վերցնում ենք՝ առանց մտածելու ապագայի մասին»: Ինչ վերաբերում է քննարկվող նախագծին, ապա Լեւոն Զուրաբյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ ենք ուզում այսպիսով խեղդել ինտերնետային շահումով խաղեր առաջարկող ընկերություններին. «Սա բացարձակապես անհիմն բան է: ՀԱԿ-ի համագումարի ժամանակ մենք ընդունել ենք բանաձեւ, որը, ի թիվս այլ հարցերի, մատնանշում է մեր մոտեցումները հարկային համակարգերին: Ընտրություններին հաղթելու պարագայում մենք խոստանում ենք՝ ՀՀ-ում գոյություն ունեցող տասնվեց հարկերը կրճատել՝ հասցնելով վեցի: Պետք է զբաղվել ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելու անպտուղ ու աննպատակ գործողությամբ, այլ երկրի զարգացման ծրագրով: Մենք դեմ ենք այս նախագծին»: